Մատչելիության հղումներ

Անկախության հռչակագրին նոր Սահմանադրությունում հղում չպետք է լինի. ԱԺ-ում կրկին հայտարարեց վարչապետը

Լրացված

Ազգային ժողովում այսօր քննարկվում է ՀՀ կառավարության 2026-2031 թվականների ծրագիրը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում ներկայացնում է կառավարության հնգամյա ծրագիրը:

«Հունիսի 7-ին ՀՀ ժողովուրդը քվեարկել է Իրական Հայաստանի գաղափարախոսության օգտին։ Ընտրությունների այս արդյունքը պատմական է, որովհետև վերաձևակերպում է ՀՀ գործառութային նշանակությունը: Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Չորրորդ Հանրապետությունը հիմնադրված է, Չորրորդ Հանրապետությունն իրականություն է»,- իր ելույթում ասաց վարչապետ Փաշինյանը:

Վարչապետը խոսեց նաև նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտությունից, ասաց՝ նոր Սահմանադրության տեքստը կհրապարակվի առաջիկա ամիսների ընթացքում.

«1990 թ. Անկախության հռչակագրին նոր Սահմանադրության մեջ հղում չպետք է լինի: Մի պարզ պատճառով՝ մենք հայտարարել ենք Ղարաբաղի շարժումը չշարունակելու, ավարտելու անհրաժեշտության և որոշման մասին, կայացրել ենք այդ որոշումը, և ժողովուրդը այդ որոշումը հաստատել է: Նոր Սահմանադրության մեջ հղում անել Անկախության հռչակագրին կնշանակի շարունակել Ղարաբաղի շարժումը, կնշանակի վերադառնալ կոնֆլիկտի տրամաբանությանը, իսկ սա անել չենք կարող առավելևս 2026 թվականի ընտրություններից հետո, որտեղ մեր ժողովուրդը քվեարկել է խաղաղության օգտին»,- հայտարարեց Փաշինյանը:

TRIPP-ը վերջ է դնելու Հայաստանի շրջափակմանը. Փաշինյան

«TRIPP նախագիծը ոչ միայն Հայաստան-Ադրբեջան ուղիղ երկաթուղային կապն է բացելու, այլև Հայաստանն ինտեգրելու է միջազգային երկաթուղային ցանցին։ Նախագծի իրագործումը նաև բացելու է երկաթուղային կապը Պարսից ծոցի և Սև ծովի միջև։ Հայաստանն այսպիսով երկաթուղային կապ է ստանալու Իրանի հետ։ Երկաթուղին Ադրբեջանի տարածքով ՀՀ-ն կապելու է Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի հետ»,- հայտարարեց Փաշինյանը:

Վարչապետն իր ելույթում շեշտեց՝ TRIPP-ը օտարերկրյա որևէ ռազմական կամ զինված ներկայություն չի ենթադրում։

ՌԴ մեր գործընկերներին խնդրում ենք ճկունություն ցուցաբերել և կոնցեսիայի իրավունքը վաճառել ՀՀ-ի և ՌԴ-ի համար ընդունելի երրորդ երկրի

«Ինչո՞ւ են ներդրողները, բեռնափոխադրողները, ապրանքներ վաճառողներն ու ձեռքբերողները խուսափում Երասխ-Ախուրիկ երկաթուղուց, մի պարզ պատճառով երկաթուղու այդ հատվածը թեև Հայաստանի լիարժեք սեփականությունն է, գտնվում է ռուսական երկաթուղու կառավարման ներքո: Իսկ ՌԴ-ի և Արևմուտքի բարդ հարաբերությունները, ՌԴ-ի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները միջազգային ներդրողներին, բեռնափոխադրողներին ստիպում են խուսափել, ռիսկի չդիմել ուղղակի կամ անուղղակի պատժամիջոցային սահմանափակումների կամ նման ռիսկ ունեցող ենթակառուցվածքի հետ աշխատել»,- շեշտեց վարչապետը:

Փաշինյանը կրկին նշեց՝ երկաթուղին Հայաստանի սեփականությունն է, ընդամենը գտնվում է ռուսական երկաթուղիների կառավարման ներքո և, որ այս փաստի հետ կապված որևէ խնդիր չունեն, շեշտեց.

«Մենք մեծագույն հարգանքով ենք վերաբերում ՌԴ-ին և նրա շահերին, բայց Հայաստանի երկաթուղին ռուսական կառավարման ներքո լինելու պատճառով հիմա մենք հիմա կանգնած ենք Հայաստանը միջազգային երկաթուղային ցանցին ինտեգրելու պատմական այս հնարավորությունը կորցնելու վտանգի առաջ։
Մենք չենք կարող մեզ թույլ տալ կորցնել այդ պատմական հնարավորությունը։ ՌԴ մեր գործընկերներին խնդրում ենք ճկունություն ցուցաբերել և կոնցեսիայի իրավունքը վաճառել ՀՀ-ի և ՌԴ-ի համար ընդունելի երրորդ երկրի»:

«Հայաստանն առաջիկայում կսկսի ԵՄ-ին անդամագրվելու պաշտոնական դիմում ներկայացնելու գործընթացը»

Հայաստանն առաջիկայում կսկսի ԵՄ-ին անդամագրվելու պաշտոնական դիմում ներկայացնելու գործընթացը, խորհրդարանի ամբիոնից հայտարարեց Վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն այսօր հայտարարեց Եվրամիությանն անդամակցության շուրջ հանրաքվեն պետք է անցկացնել, ոչ թե գործընթացի մեկնարկին, այլ երբ արդեն առկա կլինի հստակ ճանապարհային քարտեզ:

«Իմ ընկալումն այն է, որ մենք հանրաքվե կանցկացնենք անդամագրվելու հարոց պաշտոնապես ԵՄ-ին դիմելուց, համապատասխան արձագանք ստանալուց և գործընթացի վերաբերյալ ճանապարհային քարտեզ ունենալուց հետո», - ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Մայիսի վերջին Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղըզստանի ղեկավարները համատեղ հայտարարությամբ պաշտոնական Երևանին հորդորեցին սեղմ ժամկետներում Եվրամիությանն անդամակցելու կամ Եվրասիական տնտեսական միությունում մնալու հարցով հանրաքվե անցկացնել: Նաև նշել էին, որ այս դեկտեմբերին՝ ԵԱՏՄ առաջնորդների հաջորդ գագաթնաժողովի ընթացքում Հայաստանի այդ կառույցին անդամակցության հարցը քննարկման սեղանին կլինի, Եվրասիական միջկառավարական հանձնաժողովը կզեկուցի Հայաստանի անդամակցության կասեցման հնարավոր հետևանքների մասին:

«Սա մենք ընկալում ենք որպես բարեկամական ժեստ, որը բարձր ենք գնահատում: Վստահ եմ՝ Հայաստանում նման հանրաքվե անպայման տեղի կունենա, խնդիրը ժամկետներն են: Ժամկետը ոչ միայն կազմակերպչական կարևորություն ունի, այլև բովանդակային», - հայտարարեց Փաշինյանը:

Գերիների մասին

Անդրադառնալով Ադրբեջանում պահվող հայ գերիներին, վարչապետն ասաց. «Ադրբեջանում անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների ազատ արձակումն և վերադարձը Հայաստան երբեք դուրս չի եկել և մինչև խնդրի լուծումը դուրս չի գա մեր աշխատանքային օրակարգից»:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG