Ուկրաինական անօդաչու թռչող սարքերի խոշորածավալ հարվածների հետևանքով Ռուսաստանում առնվազն չորս մարդ է զոհվել՝ երեքը՝ Մոսկվայում, մեկը՝ Բելգորոդում, հայտնում են ռուսական իշխանությունները։
Reuters-ը գրում է, որ Մոսկվան ենթարկվել է խոշորագույն հարձակմանը վերջին ավելի քան մեկ տարվա ընթացքում։
ՌԴ ՊՆ տվյալով՝ գիշերվա ընթացքում 556 ուկրաինական ԱԹՍ է խոցվել։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ ռուսական զինուժը կեսգիշերն անց դեպի ՌԴ մայրաքաղաք ուղևորվող 81 ԱԹՍ է վնասազերծել։ Նրա խոսքով՝ 12 մարդ է վիրավորվել, տուժել է նաև Մոսկվայի նավթավերամշակման գործարանը, որի տեխնոլոգիական սարքավորումները, սակայն, չեն վնասվել։
Պաշտոնական տվյալներով՝ վնասներ են կրել նաև բնակելի շինություններ՝ բազմահարկ շենքեր և երեք առանձնատուն։
ԱԹՍ բեկորներ են ընկել նաև Ռուսաստանի խոշորագույն՝ «Շերեմետևո» օդանավակայանի տարածքում, որը չի վնասվել։
Նախօրեին նույնպես ուկրաինական ԱԹՍ-ները հարձակողական գործողություններ էին իրականացրել։ Ստավրոպոլի երկրամասի Նևիննոմիսկ քաղաքում գիշերը մի շարք պայթյուններից հետո հրդեհ էր բռնկվել «Ազոտ» քիմիական կոմբինատում, հայտնել էին մշտադիտարկում իրականացնող տելեգրամ-ալիքները։
Ռուսական բանակը ևս նախօրեին Ուկրաինայի ուղղությամբ տարբեր տեսակի 294 անօդաչու թռչող սարք էր արձակել, որոնցից խոցվել կամ վնասազերծվել էին 269-ը։