Մատչելիության հղումներ

Աշխատանքն ու աշխատատեղերը հայաստանյան ընտրարշավում

Աշխատանքն ու աշխատատեղերն, իհարկե, այս ընտրարշավի գլխավոր թեման չեն, բայց, ի տարբերություն շատ ու շատ հարցերի, անտեսված էլ չեն:

«Այն քաղաքականությունը, որ այսօր Կառավարությունը վարում է, տանում է մի տեղ՝ այս տարածքում ունենալու արևմտյան Ադրբեջան: Այս իրավիճակում քննարկել, որ թոշակն ենք բարձրացնելու, աշխատատեղ ենք ստեղծելու, դա մենք աբսուրդի ժանրից ենք համարում», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի 4-րդ տեղում ընդգրկված Գևորգ Գորգիսյանը:

Երբ, ըստ «Լուսավոր Հայաստան»-ի, հայկական պետականությանը վտանգ է սպառնում, աշխատատեղերի հարցը երկրորդական է, նշեց Գորգիսյանը:

«Ալիևն էլ կարող է շատ բարձր աշխատավարձ տալ, եթե մենք ամբողջ ազգով համաձայնենք դառնալ արևմտյան Ադրբեջան, կամ նույն ձև՝ Թուրքիան, նույն ձև, ինչի չէ, ցանկացած այլ երկիր: Պետք է լուծել Հայաստանի անվտանգային և հայկական մնալու օրհասական խնդիրը, դրանից հետո ներգրավելով արդեն պատշաճ մասնագետներ՝ լուծել մնացած երկրորդական խնդիրները», - նշեց «Լուսավոր Հայաստան»-ի ներկայացուցիչը՝ շարունակելով. - «Սպառողական մտածելակերպը տարիներ շարունակ արդեն քարոզվում է և սպանում է մեր ինքնությունն ու գոյությունը: Դա պետք է ի վերջո մենք հասկանանք, գիտակցենք և թարգենք»:

Ո՞վ ավելի շատ... աշխատատեղերի «մրցավազքը» հիմնականում իշխող «Քաղաքացիական պայմանագրի» ու Սամվել Կարապետյանի ուժի միջև է ծավալվել, մեկը խոստանում է, մյուսը՝ պնդում՝ իրենք արդեն իսկ այս թվին մոտեցել են:

«Ստեղծելու ենք 300 հազար աշխատատեղ՝ հայերի համար, նույնիսկ մեկը թողնելու ենք Փաշինյանի համար՝ թմբուկ նվագելը», - հայտարարել է Կարապետյանը:

«2018 թվականից ի վեր Հայաստանում 288 հազար աշխատատեղ է ստեղծվել, բայց ակնհայտ է, որ էդ աշխատատեղերը մենք չենք ստեղծել, էդ աշխատեղերը դուք եք ստեղծել: Իհարկե, Կառավարության քաղաքականությունները նպաստել են դրան, և միջավայր ենք նաև մենք որոշակի ստեղծել», - հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, - «Իհարկե, ի սկզբանե մենք շատ կենտրոնացած էինք էն հարցի վրա, թե ինչքան աշխատատեղ ստվերից պարզապես դուրս է եկել, ինչքան է զրոյից ստեղծվել, բայց հետո հասկացանք, որ էդ խոսակցությունը շատ խճճող է, և էն աշխատատեղերը, որոնք կան, տեսանելի են պետության համար, իրանք կան, էն աշխատատեղերը, որոնք չկան, իրանք ուղղակի չկան»:

Վերընտրության ձգտող ՔՊ-ի ղեկավար Փաշինյանը տարեկան 25 հազար նոր աշխատատեղերի ստեղծման պլաններով մի քանի օր առաջ խոշոր գործարարների հետ կիսվեց: Փորձագիտական շրջանակներից կարծիք հնչեց՝ դա սեփական խոստման վերապատվիրակումն էր բիզնեսներին, թե «իմացեք՝ տարեկան պետք է 25 հազար աշխատատեղ ստեղծեք»:

«Շատ կարևոր է, որ մենք էս դինամիկան շարունակենք», - ասել էր վարչապետը:

Մինչ «Քաղաքացիական պայմանագիր»-ը նաև բարձր վարձատրության ճանապահ է խոստանում հարթել, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող մեծահարուստ Գագիկ Ծառուկյանը նախընտրական տարում բաժանվող պարգևավճարների օրինակով անհավասարության թեման է բարձրացնում: Փաշինյանի ղեկավարած կառավարությունը դեկտեմբերից ավելի քան 8 միլիարդ դրամ կամ 22 միլիոն դոլար պարգևատրումներ է բաժանել՝ պաշտոնյաներին ու պետական աշխատողներին:

«Չի կարող լինել այնպես, որ նախարարը ստանա 7-8 միլիոն դրամ պարգևավճար, իսկ համակարգի այլ աշխատակիցներ՝ 20-50 հազար, 100 հազար դրամ: Պարգևավճարները չպետք է լինեն մեկ հոգու քմահաճույքից կախված, որ այդ մեկը բաշխի իր յուրայինների, անձամբ իրեն լավ ծառայողների միջև, իսկ մնացած 90 տոկոսին բաժին հանի՝ ինչ տակը մնա։ Պարգևավճարների կարգը պետք է ֆիքսված լինի օրենքով և լինի արդար», - հայտարարել է Ծառուկյանը:

Խաղաղության, լիարժեք անկախության պաշտպանության խոստումներով ընտրապայքարի մեջ մտնող Հայ ազգային կոնգրեսը գործազրկության վերացում է խոստանում:

«Մյուս ուղղությունը այս առողջացնելու ուղղությամբ լինելու է արդար բիզնես միջավայրի կառուցումը, ինչպես նաև շնորհապետական պետական համակարգի ստեղծումը՝ այնպիսի հասարակական կարգ, որտեղ մարդիկ նշանակվում են պաշտոնների ըստ իրենց արժանիքների», - հայտարարել է ՀԱԿ փոխնախագահ և կուսակցության վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը:

Ռեֆորմիստական «Նոր ուժ»-ը՝ Հայկ Մարությանի գլխավորությամբ, նախ աշխատողների իրավունքների պաշտպանության հարցերն է ուզում լուծել, որը, ըստ ընտրական ցուցակի երկրորդ համարի՝ Հակոբ Կարապետյանի, տնտեսության զարգացման ուղիղ ճանապարհն է:

«Արհմիությունները՝ արհեստակցական միությունները իրենց նպատակին չեն ծառայում կամ գոյություն չունեն: Մենք էս ուղղությամբ իրավական էլի և ինստիտուցիոնալ բարեփոխումներ ենք առաջարկում: Նույն աշխատանքային իրավունքները, առանց հանգստյան օրերի աշխատանքները, կամ առանց հավելավճարի աշխատանքները, կամ կատարած աշխատանքին համեմատ ոչ պատշաճ վարձատրությունը մեր երկրում, ցավոք, դեռ համատարած են», - ընդգծում է Կարապետյանը:

Պաշտոնական տվյալներով՝ մոտ 3 միլիոնանոց Հայաստանում բնակչության մոտ 13 տոկոսը գործազուրկ է:



Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG