Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Արցախից տեղահանված կնոջ զրույցն այսօր վեճի վերածվեց, որի ընթացքում վարչապետը կնոջն ասաց. «Փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել»:
Վարչապետ Փաշինյանն այսօր մետրոյում դիմելով քաղաքացուն ասաց՝ կարո՞ղ է քարտեզ նվիրի կրծքանշանի տեսքով, ի պատասխան կինն ասաց. «Մենք Արցախից ենք, ուրիշ քարտեզ ունենք»:
Փաշինյանն արձագանքեց. «Բայց Ձեր տղան այս քարտեզում է ապրելու, դա հաշվի առեք»:
Քաղաքացի.- «Միգուցե հիմա, բայց...»
Նիկոլ Փաշինյան.- «Էլ բայց չկա, մենք չենք թողնելու, որ Ձեր գաղափարաբանությունը...»
Քաղաքացի.- «Դուք չեք թողնելու, որ մենք մեր Արցախում ապրե՞նք, Դուք չեք կարող մեզ զրկել Արցախ վերադարձից»:
Նիկոլ Փաշինյան.- «Մենք ամեն ինչ արել ենք, որ Դուք Արցախում, Ղարաբաղում ապրեք: 2023-ին Դուք էիք, որ մեղադրում էիք ինձ, որ ես սահմանները փակել եմ, որ ժողովուրդը չգա Հայաստան, ինձնից պահանջում էիք, որ սահմանները բացեմ: Եվ ասում էիք՝ հատուկ փակել ա, որ Ղարաբաղից ժողովուրդը չգնա: Հիմա եկել եք էստեղ, ասում եք՝ վայ, բա մենք ուզում էինք վերադառնայինք: Բա մենք Հայաստանի քաղաքացիների աշխատած միլիարդներ ենք ծախսել, որ դուք էնտեղ մնաք, բա ինչի՞ չեք մնացել»:
Քաղաքացի.- «Ինձ հետ մատ թափ տալով մի խոսեք»:
Նիկոլ Փաշինյան.- «Ես ձեզ հետ կխոսեմ տենց: Այս քարտեզի մասին տենց քամահրանքով չխոսեք: Մյուս անգամ փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել»:
Վարչապետը այնուհետև մեղմեց խոսքն, ասաց. «Մի բան եմ խնդրում Ձեզ, պանդխտության միտումը պետք է հանել, պետք է հանդարտվել: Էս երեխուն պետք չի պանդխտության...»
Քաղաքացի.- «էս երեխան իր տունն է ուզում, իր սենյակն է ուզում, իր խաղալիքները, իր Արցախը»:
«Այդ երեխան ապրելու է Հայաստանում»,- իր խոսքը եզրափակեց վարչապետ Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում.
Ի դեպ, զրույցի ընթացքում, թեև կինը խնդրում էր, որ չտեսանկարահանեին իրեն և որդուն, այդուհանդերձ տեսանկարահանումը շարունակվում էր: