Մատչելիության հղումներ

Ո՞վ ունի ընտրելու իրավունք. արտերկրում ապրողների քվեարկության իրավունքի մասին օրենքը հասավ ՍԴ

Արտերկրում ապրող Հայաստանի քաղաքացիներին ընտրելու իրավունքից զրկելու օրենքը հասավ Բարձր դատարանը: Ընտրական օրենսգրքում այս փոփոխությունն արեց իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից հետո:

Օրենքը Սահմանադրական դատարանում վիճարկում է ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը: Ըստ նախագծի՝ Հայաստանի այն քաղաքացիները, որ ընտրություններին նախորդող երկուսուկես տարում երկրում չեն ապրել, չեն կարող մասնակցել քվեարկությանը՝ բացառությամբ արտերկրում սովորող կամ գործուղման մեկնած մարդկանց:

Այս փոփոխությամբ իշխանությունը ընտրելու իրավունքից զրկել է հազարավոր քաղաքացիների: Այդ մարդկանցիցի մեկն էլ Գեղարքունիքի մարզի բնակիչ Արամ Եսայանն է, որ Մոսկվայում է՝ աշխատանքի նպատակով: Նա Հայաստանի քաղաքացիությունից չի հրաժարվել, «Ազատությանն» ասաց՝ միշտ էլ ընտրություններին եկել ու քվեարկել է իր նախընտրած ուժի օգտին:

«Ես Հայաստանի քաղաքացի եմ, ռուսական փաստաթուղթ չունեմ, իմ տունուտեղը, բնակարանը, հողերս, ամեն ինչ Հայաստանում է, ես Մոսկվայում սեփականություն չունեմ: Հայաստանում ապրելով ես չէի կարա իմ աշխատանքով իմ ընտանիքը պահեի ու երեխեքս սովորեին, ես դրա համար եմ Ռուսաստանում», - ասաց նա:

Արամ Եսայանի որդին Մոսկվայում սովորում է ու հիմա ընտանիքով են այնտեղ, բայց այս տարի էլ հատուկ եկել ու մասնակցել է քվեարկությանը: Փաշինյանի թիմը մարդկանց զրկում է ընտրելու իրավունքից, բայց այդ նույն մարդկանցից պահանջում են բանակում ծառայել, հարկերը վճարել, ասում է «Ազատության» զրուցակիցը:

Օրենքը «Ազատության» հետ զրույցում հակասահմանադրական էր որակել նաև Սահմանադրության համահեղինակ Վարդան Պողոսյանը: Նրա խոսքով՝ Սահմանադրությունն արդեն սահմանել է՝ ընտրելու իրավունք ովքեր ունեն, ովքեր՝ ոչ: Ու սա այն դրույթն է, որ բացառապես հանրաքվեով կարող ես փոխել: «Հայաստան» դաշինքն էլ հենց այս հարցն է վիճարկում Բարձր դատարանում, «Ազատության» հետ զրույցում մանրամասնեց դիմումը ՍԴ-ում ներկայացնող փաստաբան Տաթևիկ Սողոյանը:

«Ամենաառանցքային հարցն է պետության ճակատագրի որոշման հարցով, որը միայն մեր պարագայում սահմանված է Սահմանադրությամբ ու այլ ձև չէր կարող ուղղակի քննարկվեր», - նշեց Սողոյանը:

Սահմանադրությամբ՝ Ազգային ժողովի ընտրություններին և հանրաքվեին քվեարկելու իրավունք չունեն միայն դատարանի վճռով անգործունակ ճանաչված, ծանր հանցանքների համար դատապարտված ու պատիժը կրող անձինք: Ըստ մասնագետների՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությամբ չեն կարող ընդլայնել այդ սահմանափակումները: Այս նախագծի համահեղինակ Ալխաս Ղազարյանը լրագրողների հետ զրույցում խոստովանել էր, որ վերջին խորհրդարանական ընտրություններից հետո որոշեցին դա փոխել:

«Վերջին ընտրությունների հետ է պայմանավորված նշված փոփոխությունը, և լավ օրից չէ, որ գնում ենք նման փոփոխության, որովհետև պատկերացում չունեինք, որ կարող է նման հարցեր առաջանան», - ասել է ՔՊ-ական պատգամավոր Ալխաս Ղազարյանը:

Իշխանամերձ շրջանակները նախընտրական փուլում բողոքում էին, որ արտերկրից բազմաթիվ մարդիկ են Հայաստան գալիս ընդդիմության օգտին կաշառքով քվեարկելու համար: Ընդդիմադիրների դիմումը բարձր դատարանը քննելու է տարվերջին՝ դեկտեմբերին:




Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG