Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց արտասահմանում ապրող Հայաստանի քաղաքացիների ընտրական իրավունքը սահմանափակող օրենքը, ըստ որի քվեարկելու իրավունքից զրկվում են Հայաստանի այն քաղաքացիները, որոնք ընտրացուցակները հրապարակելուց առաջ վերջին երկու տարվա առնվազն կեսը՝ մեկ տարին հայրենիքում չեն եղել։ Բացառություն է սահմանվում միայն ուսման մեկնածների և պետական գործուղումների համար։
Կողմ քվեարկեցին միայն «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները և «Հայաստան» դաշինքից հեռացած Գեղամ Նազարյանը։
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը մտադիր է օրենքի սահմանադրականությունը վիճարկել Սահմանադրական դատարանում։
Մի շարք հասարակական կազմակերպություններ խիստ քննադատել են այս նախագիծը՝ պնդելով, որ օրենսդրական փոփոխությունները հակասահմանադրական են ու ընտրական իրավունքի անօրինական և անհամաչափ սահմանափակում՝ վտանգելով ժողովրդավարական սկզբունքները և խախտելով քաղաքացիների քաղաքական իրավունքները: