Իրեն զրպարտելու համար մեկից՝ 1, մյուսից 999 դրամ է պահանջում աբաստանյալի աթոռին հայտնված Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը, որ դատի է տվել միանգամից երկու կարգալույծ հոգևորականների:
Մայր Աթոռի դիվանապետն օրերս է հայցերն ուղարկել դատարան: Մեկն ընդդեմ նախկին քահանա Տեր Արամի է՝ Ստեփան Ասատրյանի, մյուսը՝ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Գևորգ արքեպիսկոպոս Սարոյանի, ում աշխարհիկ անունը Արման է:
Արշակ Սբազանն այսօր «Ազատությանը» փոխանցեց՝ այս փուլում հարցերի չի պատասխանում:
Նրա փաստաբան Տաթևիկ Սողոյանի պնդմամբ՝ նախկին հոգևորականներն արատավորել են արքեպիսկոպոսի բարի համբավն ու պատիվը, երբ հեռուստաեթերում խոսել են նրա հետ արդեն մեկ տարի կապվող ինտիմ տեսանյութի մասին, այն համարել հաստատված փաստ:
«Վիճելի փաստի հիմքով անել միանշանակ պնդումներ ու այդ պնդումներն անել Հանրային հեռուստատեսության եթերում, անել հենց նույն կոնտեքստում, որ տեսեք, եկեղեցին վատ վիճակում է, ակնհայտ է՝ այստեղ մեկ դիտավորություն է գործում՝ արատավորել անձին ու եկեղեցին: Այս հայցերի նպատակը զուտ այդ մարդկանց պատասխանատվության կանչելն է իրավական դաշտում», - ասաց փաստաբանը:
Կարգալույծ հոգևորականների ո՞ր խոսքերն է արքեպիսկոպոսը համարում զրպարտող: «Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը կենակցել էր իր քեռու կնոջ հետ», - ասել է նախկին քահանա Տեր Արամը:
Քաղաքական ու հասարակական գործիչների հետ միասին Հանրայինի եթերում մեկ ամիս առաջ եկեղեցու հարցերը քննարկում էր նաև Հովհաննավանքի կարգալույծ քահանա Ասատրյանը, ով հրաժարվում է հեռանալ այդ եկեղեցուց և դրա համար մեղադրյալի աթոռին է հայտնվել:
Չնայած արքեպիսկոպոսն ու փաստաբանները պնդում են, թե Արշակ արքեպիսկոպոսին վերագրվող տեսանյութը կեղծ է, դա են հաստատել նաև միջազգային փորձագետները, միևնույն է՝ դա չի խանգարել նաև կարգալույծ հոգևորական Արման Սարոյանին տեսանյութը համարել իրականություն ու ավելի հեռուն գնալ իշխանամերձ «Ֆրինյուզ»-ի եթերում. «Ես իրեն խորհուրդ չեմ տա, որ ինքը այդ կարգավիճակով փորձի մարդկանց թրեյնինգ անելու ուղարկել՝ մյուսներին վարկաբեկելու: Պետք է հրաժարվի այդ վարկաբեկելու բանից, թե չէ ես կարող եմ այնպիսի բաներ բացահայտել, որ ինքը իր հին բանը դնի մի կողմ ու առհասարակ տնից դուրս չգա»:
Նախկին հոգևորականներին դատի տված Արշակ արքեպիսկոպոսը ինքն է ամբաստանյալի աթոռին. մեղադրվում է 2018-ին կաթողիկոսի հրաժարականը պահանջող «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» շարժման ակցիայի ժամանակ դիվանատան ընդունարանում կախված պայուսակի մեջ թմրամիջոց գցելու ցուցում տալու համար: Արշակ սրբազանը մեղադրանքը չի ընդունում, պնդում է, թե իրեն մեղադրում են կաթողիկոսի դեմ իշխանական արշավի շրջանակներում:
Քննչական կոմիտեի նախագահը, սակայն, այսօր խորհրդարանում հերքել է Սրբազանին ու պնդել, թե պաշտոնը ստանձնելիս որոշել է նոր թափ հաղորդել դարակներում փոշոտվող գործերին և Արշակ Սրբազանի գործն էլ դրանց շարքում է եղել: