Այսօր Ստեփանավանում իրավապահները մտել են ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակ ու աջակիցների տներ։ Ձերբակալված 14 անձանց թվում են առաջիկա ընտրություններում համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորգյանը, ավագանու թեկնածուներն ու կուսակցության համակիրները։
Այսօր երեկոյան հայտնի դարձավ, որ Հակակոռուպցիոն կոմիտեն նրանց մեղադրում է խմբի կազմում ընտրակաշառք տալու, դրան օժանդակելու և ստանալու համար։
Հակակոռուպցիոն կոմիտեն առավոտյան տեսանյութ է հրապարակել՝ պնդելով, թե թեկնածուն և նրա թիմակիցները ընտրակաշառք են բաժանել տասնյակ ընտրողների, իսկ ևս 30-ի համար ցուցակներն ու գումարն արդեն «ծրարված» էին։ Բոլոր 14-ին էլ կալանավորելու միջնորդություն կա: Երեկոյան արդեն դատարանը «Ուժեղ Հայաստանի» ցուցակը գլխավորող Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրեց: Կուսակցության շտաբից հայտնեցին, որ նա, միևնույնն է, կշարունակի ընտրապայքարը:
Ընդդիմադիրները սա համարում են իշխանական ճնշման հերթական ալիք՝ ընտրություններից չորս օր առաջ իրենց մրցակցությունից դուրս մղելու համար։
Իշխանություններն իրենց հերթին մատնացույց են անում մրցակիցների անազնիվ մեթոդները՝ պնդելով, թե ընդդիմությունը փորձում է քվեներ կորզել ապօրինի ճանապարհով։
«Ուժեղ Հայաստանի» նախընտրական շտաբի պետ, պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը, որն անձամբ ներկա է եղել իրավապահների գործողություններին, խուզարկությունից անմիջապես հետո պնդեց՝ գրասենյակում ընտրակաշառքի որևէ հետք չեն գտել:
Ավելին, պատգամավորի խոսքով՝ խուզարկությամբ անգամ տեսախցիկներ չեն հայտնաբերվել այն աշխատասենյակում, որտեղից, ըստ իրավապահների, արվել են «սկանդալային» կադրերը։ Անհայտ է՝ ո՞վ և ինչպե՞ս է գաղտնի նկարահանել տարածքը, և արդյոք հենց իրավապահնե՞րն են նախապես տեղադրել տեսախցիկը։
Չնայած Հակակոռուպցիոնի տարածած տեսանյութում երևում է, թե ինչպես է տղամարդը գրասեղանի տակից կանխիկ դրամ հանում, բաշխում, ինչպես են ցուցակներում նշումներ անում, շտաբի պետը կասկածի տակ է դնում կադրերի իսկությունը։ Նա պնդում է, թե տեսանյութը մոնտաժված է, իսկ դրանում պատկերված դրամաշրջանառությունը որևէ կապ չունի ընտրակաշառքի հետ։
«Մենք պլակատներ ենք փակցնում, գրասենյակային ծախսեր ունենք հոգալու տարբեր նպատակներով, ընտրական պրոցեսի մեջ ենք», - ասաց Գևորգյանը:
Իշխանական պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը, սակայն, հակադարձում է ընդդիմադիրների «մոնտաժի» վարկածին․ եթե դրանք ընդամենը գրասենյակային ծախսեր էին, ինչո՞ւ չէին արվում անկանխիկ եղանակով, և ինչո՞ւ էին խոշոր գումարները հորդորով տեղավորվում գրպաններում. «Բոլոր ծախսերը շտաբի իրականացվում են հիմնադրամների միջոցով անկանխիկ»:
Վերջին օրերին ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչները բարձրաձայնում են իրենց աջակիցների նկատմամբ սաստկացող ճնշումների մասին։ Երեկ ողջ օրը դրա շուրջ էին ծավալվում քննարկումները՝ թե՛ իրենց, թե՛ երկրի ղեկավարի մակարդակով։
Ստեփանավանում ընտրապայքարին մասնակցում են չորս քաղաքական ուժեր՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան», «Հանրապետություն» և «Գործարար» կուսակցությունները։ Հունիսյան ընտրություններում «Ուժեղ Հայաստանն» ընդամենը 6 ձայնի տարբերությամբ՝ 3207 քվեով, առաջ էր անցել 3201 ձայն հավաքած «Քաղաքացիական պայմանագրից»։ Երրորդ տեղում հայտնված «Հայաստան» դաշինքն ստացել էր ընդամենը 330 քվե։ Առաջիկա կիրակի թեժ ընտրապայքար է սպասվում Ստեփանավանի ղեկը ստանձնելու համար: