Մատչելիության հղումներ

Պաստառ պոկելու համար ձերբակալված ու ինքնասպան եղած տղամարդու գործով երկու ամիս անց էլ մեղադրյալ չկա

Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կուսակցության նախընտրական պաստառը պոկելու համար կալանավորված ու դրանից ժամեր անց ինքնասպան եղած Արմեն Հովհաննիսյանի գործում դեպքից երկու ամիս անց էլ որևէ անձ չի ներգրավվել, որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել:

Սա այն դեպքում, երբ իրավապաշտպանների պնդմամբ՝ նրա կատարած արարքը քրեորեն պատժելի չէր ու նա բանտում էր հայտնվել անօրինական:

«Մինչ այժմ մենք տեսնում ենք, ոչ միայն համակարգի անգործություն, այլ կարծես թե ամենաթողություն», - ասաց իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը:

Ոստիկանությունը ծառայողական քննություն էր նշանակել, որ պարզեր՝ արդյոք Հովհաննիսյանին ձերբակալելու որոշումը իրավաչա՞փ է եղել: «Ազատությանը» այսօր հայտնեցին, որ քննությունը դադարեցրել են: Բացատրեցին՝ եթե կա քրեական գործ, օրենքի պահանջով ծառայողական քննությունը դադարեցնում են:

Ոստիկանության կոնկրետ ծառայողներ են որոշել առողջական խնդիրներ ունեցող Արմեն Հովհաննիսյանին ձերբակալել, Քննչականի կոնկրետ քննիչներ են որոշել՝ կալանավորել, երբ նրա արարքը ենթադրում էր մինչև 100 հազար դրամ տուգանք, շեշտում է իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը:

Թե ինչո՞ւ որևէ մեկը չի պատժվում, դեռ նախկին իշխանության տարիներից մարդկանց իրավունքների համար պայքարող իրավապաշտպանը այսպես է բացատրում. «Ի սկզբանե եղել է կարծես թե փորձ իշխանահաճո որոշումներ կայացնելու, իսկ իշխանահաճո որոշումներ կայացնելուց հետո եթե անձինք պատժվեն, կա վտանգ, որ այլևս այլոք իշխանահաճո որոշումներ չեն կայացնի»:

Արմեն Հովհաննիսյանը Նշավանի բնակիչ էր: ՔՊ-ական գյուղապետի զանգով են նրան բերման ենթարկել: Նրան ձերբակալելուց ժամեր անց տարել էին Նուբարաշենի հոգեբուժարան։ Այստեղ էլ, ըստ պաշտոնական վարկածի, կախվել էր:

Մեկ տասնյակից ավելի հասարակական կազմակերպություններ արձագանքեցին այս դեպքին, որ Նշավանի բնակչի արարքը վարչական էր, ոչ թե քրեական ու նա չպետք է կալանավորվեր:

Որ բոլորը օրենքի առաջ հավասար չեն, վկայում են նախընտրական ու ընտրական փուլում տեղի ունեցած դեպքերի զարգացումները, համեմատում է իրավապաշտպանն ու հիշեցնում արցախցի Արթուր Օսիպյանի պատմությունը, որ Փաշինյանին հարցեր տալուց հետո հայտնվեց բանտում:

Ընտրությունների օրը «Ուժեղ Հայաստան» դաշինքի վստահված անձը ահազանգեց՝ Լիճք գյուղի վարչական ղեկավարը, որ միաժամանակ «Քաղաքացիական պայմանագրի» վստահված անձն էր, մի խումբ մարդկանց հետ հարձակվել ու ծեծել է իրեն: Դեպքը փաստող տեսանյութ էլ տարածվեց: Բայց ՔՊ-ական Սիրական Սիրականյանը ազատությունից մինչ օրս չի զրկվել:

Արտապատկերում՝ տեսանյութից
Արտապատկերում՝ տեսանյութից

Ըստ բռնության ենթարկված Լևոն Հոխիկյանի՝ իր վրա էին հարձակվել այն բանից հետո, երբ դիտողություն էր արել ընտրական խախտում թույլ տալու համար: Այս գործով երկու հոգու մեղադրանք է առաջադրել առողջությանը թեթև վնաս պատճառելու և ընտրական հանձնաժողովների աշխատանքը խոչընդոտելու հոդվածներով:

Մասիսի ծեծկռտուքի դեպքով մեղադրանք նույնիսկ չկա: Նախընտրական քարոզարշավի ժամանակ Նոր Կյուրին համայնքում միջադեպ էր եղել ՔՊ-ականների ու ընդդիմադիր «Ուժեղ Հայաստանի» անդամների միջև:

Մասիսում ծեծկռտուք ՔՊ-ի և «Ուժեղ Հայաստանի» աջակիցների միջև, 2-ը հունիսի, 2026թ.
Մասիսում ծեծկռտուք ՔՊ-ի և «Ուժեղ Հայաստանի» աջակիցների միջև, 2-ը հունիսի, 2026թ.

Տարածված տեսանյութում երևում է, որ Մասիսի ավագանու ՔՊ-ական անդամ Արսեն Հարությունյանը հարվածում է «Ուժեղ Հայաստանի» անդամին: Արսեն Հարությունյանը նաև Երկրապահ կամավորական միության Մասիսի տարածքային կառույցի ղեկավարն է:

Քննչականից ասացին՝ այս գործով նախաքննությունը շարունակվում է, որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել:

Իրավապաշտպան Հովհաննիսյանը կասկած չունի, եթե ենթադրյալ բռնություն կատարողները ընդդիմության շարքերից լինեին, իրավապահների թիրախում կլինեին:




Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG