Մատչելիության հղումներ

Ինչո՞ւ է Ադրբեջանը դեմ խաղաղության պայմանագրում ներառել Ալմա-Աթայի հռչակագրին հղումը


Հայաստանի և Ադրբեջանի դրոշները
Հայաստանի և Ադրբեջանի դրոշները

Գուցե նաև ԱՊՀ որոշ այլ երկրների ձեռնտու չէ Ալմա-Աթայի հռչակագրի ֆիքսումը. իշխանական պատգամավոր

Ինչո՞ւ է Ադրբեջանը դեմ խաղաղության պայմանագրում ներառել Ալմա-Աթայի հռչակագրին հղումը, եթե, ինչպես Երևանն է պնդում, սահմանազատման հարցում այդ սկզբունքով շարժվելու համաձայնություն կա: «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը տարբեր պատճառներ նշեց, այդ թվում՝ այն, որ ԱՊՀ որևէ երկրի կարող է ձեռնտու չլինել փաստաթղթի շուրջ համաձայնությունը: Որ երկիրը նկատի ուներ՝ իշխանական պատգամավորը փակագծեր չբացեց:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն ու Արթուր Հովհաննիսյանը
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն ու Արթուր Հովհաննիսյանը

«Մեզ համար նորություն չէ, որ Ադրբեջանն առանձնապես կառուցողական գործընկեր և հարևան չէ, և նաև կարծում եմ՝ ակնհայտ է եղել, որ այս արձանագրմանը նաև սահմանազատման գործընթացում մեզ հաջողվել է հասնել մեր միջազգային գործընկերների կողմից տարատեսակ ճնշումների և այլն միջոցով, բայց նաև հաջողվել է պայմանավորվածության հասնել, և պարզ է, որ Ադրբեջանը դեռ չի ցանկանում զիջել իր դիրքերը, որովհետև Ալմա-Աթայի հռչակագրի ֆիքսումը, ենթադրում եմ, որ միայն Հայաստանի հետ հարաբերություններում չէ, որ Ադրբեջանը արձանագրելու է, այլ նաև գուցե այլ երկրների հետ, և գուցե նաև ԱՊՀ որոշ այլ երկրներին ձեռնտու չէ Ալմա-Աթայի հռչակագրի ֆիքսումը», - նշեց իշխանական պատգամավորը։

Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս էր հայտնել, թե այդ բանակցություններից հետո Բաքվի հետ առանցքային հարցերի շուրջ առաջընթաց կլինի: Բանակցություններից երեկ Ազգային ժողովի նախագահը մանրամասներ հայտնեց: Ալեն Սիմոնյանը փաստեց՝ Երևանի համար կարևոր երկու հարցերի՝ Ալմա-Աթայի հռչակագրի դրույթը հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրում ամրագրելու և տարածաշրջանի ապաշրջափակման սկզբունքների շուրջ դեռ համաձայնություն չկա:

Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց վաղաժամկետ է. Օհանյան

«Հայաստան» խմբակցության պատգամավորներ Սեյրան Օհանյանն ու Գառնիկ Դանիելյանը
«Հայաստան» խմբակցության պատգամավորներ Սեյրան Օհանյանն ու Գառնիկ Դանիելյանը

Ընդդիմության գնահատմամբ՝ ի տարբերություն Հայաստանի իշխանության՝ Ադրբեջանը բոլոր հարցերում, նաև այս, որոշում կայացնելիս առաջնորդվում է բացառապես իր շահերով:

«Մեկ դեպքում, օրինակ, Կիրանցի, Տավուշի հատվածում, երբ ինքը պարտադրում է սահմանազատում և սահմանագծում, ինքը կարող է հղում կատարել քարտեզներին, Ալմա-Աթայի պայմանագրին, իսկ մյուս դեպքում ինչ իրեն ձեռնտու է, ինքը չի համաձայնում դրան։ Ես գտնում եմ, որ Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց վաղաժամկետ է՝ հաշվի առնելով նրա հռետորաբանությունը», - նշեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ խորհրդարանի ամբիոնից միայն հայտարարեց, թե սահմանազատումը համաձայնեցված սկզբունքներով չի կարող առաջ չգնալ, բայց երաշխիքներից, որ դա կլինի շարունակական, չխոսեց։

«Մարդկանց ճիշտն ասեք, եկեք, ասեք՝ Ադրբեջանը ստիպել է, որպեսզի այս գյուղերը հանձնենք». Մամիջանյանը՝ իշխանությանը

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը

Ընդդիմադիր «Պատիվ ունեմ»-ի ղեկավար Հայկ Մամիջանյանը, նաև վարչապետի այս հայտարարությունը հաշվի առնելով, եզրակացնում է՝ գործընթացի շարունակականությունը խիստ կասկածելի է: Մեկ այլ հանգամանք էլ է մատնանշում՝ մինչ այս պահը սահմանազատման սկզբունքները համաձայնեցված չեն:

«Հերոսություն ներկայացնել Հայաստանի ապագան կասկածի տակ դնելը, այնպիսի խրոխտ դեմքով են հողեր հանձնում, նախանձելս գալիս է, մարդկանց ճիշտն ասեք՝ եկեք ասեք՝ Ադրբեջանը մեզ ստիպել է, որպեսզի այս գյուղերը հանձնենք, հետո թե ինչ կհանձնենք, չգիտենք», - ասաց պատգամավորը։

Կառավարության ղեկավարը սահմանազատումը մեծ հաջողություն է որակում, զուգահեռ պարբերաբար շեշտում՝ դրանից հրաժարվելու դեպքում Հայաստանի դեմ հարձակում կլինի: Նույնն այսօր կրկնեց իշխանական խմբակցության քարտուղարը. - «Իրենք այստեղ նստած ամեն բան անում էին, համոզում էին ձեր միջոցով մեր հանրությանը, որ սամանազատումը սխալ է արվում, որ պետք է չարվի սահմանազատում, ինչը էսկալացիոն ռիսկեր է ստեղծում Հայաստանի վրա հարձակվելու»։

«Պատիվ ունեմ» խմբակցությունը, Հանրապետական կուսակցությունը, որը պատասխանատվություն է կրում «Պատիվ ունեմ» խմբակցության համար, երբևէ դեմ չի արտահայտվում սահմանազատման գործընթացին, բայց այդ գործընթացն ունի սկզբունքներ», - նշեց Մամիջանյանը։

Սահմանի ամբողջական դելիմիտացիայի համար, ըստ պաշտոնական Երևանի և Բաքվի, կողմերը պետք է մինչև հուլիսի 1-ը համաձայնեցնեն համատեղ աշխատանքային կանոնակարգը և սկսեն դրա ներպետական հաստատումը՝ իրենց օրենսդրություններով սահմանված կարգով ու պահանջների համաձայն:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG