Ընդդիմադիր Էդգար Ղազարյանի քույրը՝ դեղերի փորձագիտական կենտրոնի 30 տարվա աշխատակից Լիլիթ Ղազարյանը երեկ ծանուցվել է աշխատանքային պայմանագրի լուծարման մասին։ Անակնկալ չէր՝ դեպքերը սկսել էին զարգանալ ընտրությունների հենց հաջորդ օրը։
«Տնօրենն ինձ հայտնեց, որ ես պետք է դիմում գրեմ աշխատանքից ազատվելու վերաբերյալ։ Հիմնավորումը հենց այդպես էլ ներկայացրեց, որ ասվել է, որ ես պետք է դիմում գրեմ՝ աշխատանքից հեռանալու համար»,- պատմեց Լիլիթ Ղազարյանը:
Ղազարյանը վերջին 22 տարին կառույցի փոխտնօրենն էր։ Պնդում է՝ մշտապես իր գործով՝ դեղերի որակի անվտանգության շրջանառության կարգավորմամբ է զբաղվել։ Եղբոր, թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր կեցվածքը մինչև վերջերս որևէ ազդեցություն չեն ունեցել։
«Իմ եղբայրը նաև տարբեր պաշտոններ է զբաղեցրել. եղել է մարզպետ, եղել է դեսպան, բայց դա էլ չի անդրադարձել իմ մասնագիտական գործունեության վրա։ Ես մշտապես եղել եմ իմ տեղում և հնարավորինս պատշաճ իրականացրել եմ իմ գործը»,- շեշտում է Ղազարյանը։
Կենտրոնի տնօրենի դիմում գրելու առաջարկն անմիջապես է մերժել, ինչու՞ պիտի գրեի, - բացատրում է Ղազարյանը։ Տասնամյակներ շարունակ ոլորտը կարգավորող իրավական ակտերի մեծ մասն ինքն է մշակում, կենտրոնը ներկայացնում միջազգային տարբեր կազմակերպություններում։ Ինքնակամ հեռանալ չի համաձայնել, վրա է հասել մեկ այլ լուծում։ Երկու փոխտնօրեններից մեկի հաստիքը կրճատվել է, և այդ մեկը ինքն էր։ Լիլիթ Ղազարյանը պնդում է.- «Այդ հաստիքի կրճատումը չուներ ոչ մի փաստական հիմք, չուներ ոչ մի իրավական հիմք»։
Այստեղ էլ Լիլիթ Ղազարյանը ծավալուն հակադարձում է ներկայացրել։ Առողջապահության նախարարությունն է հաստիքացուցակ հաստատում։ Այս կենտրոնինն արդեն հաստատված էր։ Նախադեպ չկա, որ տնօրենը կրճատում անի։ Ինչպե՞ս, ի՞նչ ուսումնասիրություն, գնահատում է արվել մինչև այս փոփոխությունը։ Եվ, ի վերջո, եթե մեկ փոխտնօրեն պիտի մնա, ինչո՞ւ ոչ ինքը։ Պնդում է՝ ավելի փորձառու է ու ժամանակին համակարգել է կենտրոնի բոլոր բաժինները։ Ու քանի որ այս հարցերին պատասխան չի գտնվում, վերադառնում է իր ու տնօրենի զրույցի սկզբին՝ «ասվել է՝ դիմում գրիր»։
«Ասվել է՝ հայտնի պատճառներով: Թե որոնք են այդ հայտնի պատճառները, ես կարող եմ կապել միայն իր հետ, որովհետև կոնկրետ իմ գործունեության հետ կապված որևէ բացթողում, որևէ անճշտություն, որևէ թերացում չի արձանագրվել»,- նշում է ընդդիմադիր Էդգար Ղազարյանի քույրը՝ դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի նախկին փոխտնօրեն Լիլիթ Ղազարյանը:
Նախարարը հերքում է, թե քաղաքական որոշում է
Կենտրոնի տնօրենն Արցախի նախկին առողջապահության նախարար ու այնտեղ Վաչագան բարեպաշտ մեդալով պարգևատրված Արայիկ Բաղրյանն է։ Նա այսօր մեր առաջին զանգին պատասխանեց, բայց արագ անջատեց հեռախոսը, հետո էլ՝ նույն ոճով։
«Դա վստահաբար Բաղրյանի որոշումը չի»,- ասում է Լիլիթ Ղազարյանը: Իսկ ո՞ւմ որոշումն է, ըստ Ղազարյանի՝ առողջապահության նախարարի։ «Ազատությունն» Անահիտ Ավանեսյանին հարցրեց՝ Ձեր ցուցումո՞վ են կրճատել կենտրոնի փոխտնօրենին։
«Լիլիթ Ղազարյանը հանդիսանում է մեր դեղերի փորձագիտական ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ, եթե չեմ սխալվում, և նրա ազատման հետ կապված դիմումը ընդունում է, որոշումը ընդունել է ղեկավարը։ Իսկ ինչ վերաբերվում է այդ մանիպուլյացիաներին, եթե դրանք իրականություն լինեին, Լիլիթ Ղազարյանը կազատվեր հինգ-վեց տարի առաջ»,- այսօր հայտարարեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Մինչդեռ, Լիլիթ Ղազարյանն էլ նկատում է.- «Մի պահ զարմացրեց, որ ինքը դժվարացավ նշելու իմ պաշտոնը, դա ընդամենը, կարծում եմ, փորձ էր քողարկելու իր մասնակցությունը այս որոշմանը, բայց ես գրեթե չեմ կասկածում»։
Առողջապահության նախարարը շեշտում է, որ տեղի է ունեցել հաստիքների փոփոխություն:
Նախարարը չի հերքում, որ այս պատմության հետ կապ ունի, բայց լավ կլինի կենտրոնի տնօրենին դիմենք. «Դրա հետ կապված հարցում ուղղեք, կպատասխանեն մանրամասների մասով»,- նշեց նախարարը:
Ավանեսյանը պնդում է՝ քաղաքական ենթատեքստ չունի այս կրճատումը։ Նա, ընդհանրապես, ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» կուսակցության
պատգամավորի թեկնածու Էդգար Ղազարյանի գործունեությունն էլ քաղաքական չի համարում. «Նրա գործունեությունը, ճիշտն ասած, քաղաքական դժվար է գնահատել, չեմ ուզում խորանալ, գնահատականներ տալ, դա իր գործն է»։
Իսկ ինչպիսի՞ մասնագետ է Լիլիթ Ղազարյանը, նախարարն արձագանքեց. «Ես նրա աշխատանքային գնահատման մասով չեմ ուզում ավել բան ասել։ Պատասխանեցի ձեր հարցին, այսքանով բավարարվեք»։
«Ղազարյանը պատժվում է եղբոր պատճառով». Վարսանյան
Դեղ ներմուծող ու դեղատնային ցանցի հիմնադիր Վահե Վարսանյանը պնդում է՝ 20 տարի է աշխատում է գործակալության ու անձամբ Լիլիթ Ղազարյանի հետ։ Շատ հարցերում է դժգոհություն ունեցել, բայց որ նա ոլորտի լավագույն մասնագետն է, կասկած չունի։
«Լիլիթ Ղազարյանը պատժվում է ընդամենը եղբոր պատճառով, ինքը դեղգործակալության ամենակոմպետենտ անձնավորությունն է, բոլոր որոշումները, որ դեղգործակալությունը կայացնում էր, առողջապահության նախարարությունը կայացնում էր, Լիլիթ Ղազարյանը պետք է կենտրոնում լիներ, որովհետև բացի նրանից այլ կոմպետենտ մարդ չկար»,- ասում է Դեղ ներմուծող ու դեղատնային ցանցի հիմնադիր Վահե Վարսանյանը և շարունակում- «Ոնց որ Ստալինի ժամանակ, որ իր զոհերին Ստալինը հետապնդում էր, հետապնդվում էին նաև այդ զոհերի հարազատները»։
Ըստ Վարսանյանի՝ իշխանության այս կամայականությունները նորություն չեն, հիշեցնում է՝ ընդդիմադիրներից Ավետիք Չալաբյանի եղբորն էլ էին ազատման դիմում պարտադրել։ Նա կենտրոնական բանկում դեպարտամենտի ղեկավար էր։ Այժմ էլ, ըստ Վարսանյանի, իշխանությունը նորից է մանդատ ստացել ու գործում է ավելի սանձարձակ։
«Ահագին ունի մինչև Կադիրովին հասնելու, որովհետև Կադիրովն ինքն իր հակառակորդների բարեկամներին պլեն է վերցնում, որ խելոքանան»,- ասում է Դեղ ներմուծող ու դեղատնային ցանցի հիմնադիր Վահե Վարսանյանը:
Նրա կարծիքով՝ հանրությունը պիտի այսպիսի դեպքերին արձագանքի անհանդուրժողականությամբ։ Նույն կենտրոնի անձնակազմն ինչո՞ւ է լռում. «Վերցնում են, առանց պատճառաբանության հանում են իրենց գործընկերոջը, ճիշտ կանեին նրանք էլ պայքարեին, գործադուլ անեին, ես այդպես եմ պատկերացնում։ Մնացածն էլ պետք է նայեն, որ մի քիչ անհանդուրժող լինեն, այսպես վախեցած, երջանիկ ապրելով ավելի վատ բաների կհասնենք»,- ընդգծում է Վարսանյանը:
Լիլիթ Ղազարյանն ինքը լռել մտադիր չէ, դատարան է դիմելու, բայց ոչ իր աշխատասենյակ վերադառնալու հույսով, ընդգծում է.- «Ես կփորձեմ այլ աշխատանք գտնել ինձ համար։ Դատական հայցի ամբողջ իմաստը կայանում է զուտ արդարության բացահայտում»: