Մատչելիության հղումներ

Աունը Թրամփին հորդորում է օգնել Իսրայելի հետ համաձայնագրի խախտումները կանխելու հարցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աուն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աուն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը հույս է հայտնել, որ Վաշինգտոնը կօգնի կանխել Լիբանանի և Իսրայելի միջև նախօրեին ձեռք բերված շրջանակային համաձայնագրի խախտումները՝ ապահովելով կողմերի ստանձնած պարտավորությունների կատարումը։

Լիբանանի նախագահի աշխատակազմից հայտնել են, որ Աունը հորդորել է Թրամփին՝ ճնշում բանեցնել Իսրայելի նկատմամբ, որպեսզի նրա զինուժը դուրս գա Լիբանանի հարավից՝ միաժամանակ վստահեցնելով, որ Բեյրութը հավատարիմ կմնա իր ստանձնած հանձնառություններին։

Ըստ Աունի գրասենյակի՝ հեռախոսազրույցը Թրամփն էր նախաձեռնել՝ շնորհավորելու Լիբանանի առաջնորդին ամերիկյան միջնորդությամբ համաձայնեցված շրջանակային փաստաթղթի կապակցությամբ։

Ըստ Reuters-ի՝ Իսրայելի բանակը տեղեկացրել է, որ թիրախավորել և սպանել է Լիբանանի հարավում նռնակներով ամրակցված «Հեզբոլա»-ի զինյալներին։ Հարված են հասցրել նաև հրթիռային կայանքի՝ «սպառնալիքները վերացնելու» համար։

Ի հեճուկս կնքված փաստաթղթին՝ իրանական աջակցություն վայելող լիբանանյան «Հեզբոլա» խմբավորման առաջնորդ Նաիմ Քասեմն իր հերթին հայտարարել է, որ մերժում է շրջանակային համաձայնագիրը՝ այն որակելով որպես հանձնվել Իսրայելին:

ԱՄՆ-ի միջնորդությամբ Իսրայելն ու Լիբանանը Վաշինգտոնում նախօրեին հրադադարի և խաղաղության ուղու վերաբերյալ շրջանակային համաձայնագիր ստորագրեցին։ Կնքված համաձայնագրի մանրամասները չեն հրապարակվել:

XS
SM
MD
LG