«Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդին գետնին տապալելու տեսարանը պետք է քննության առարկա դառնա: Գագիկ Ծառուկյանի առանձնատանը իրավապահների գործողությունները «շոու» որակող փաստաբան Երեմ Սարգսյանը հայտարարում է՝ հարցին անդրադառնալու են՝ չնայած այն հանգամանքին, որ արարքի հեղինակներն իրենք պետք է քննեն և պարզեն՝ հանցագործություն կատարե՞լ են, թե՞ ոչ:
«Մի քիչ պատային վիճակ է, բայց մենք բոլոր ընթացակարգերով անցնելու ենք: Իրավունք չունեին նման բան անելու, դրա կարիքը չկար, պաշտոնական լիազորությունների գերազանցում էր, պետք է քրեական վարույթ նախաձեռնվի, որպեսզի իրենք առնվազն ստուգեն, թե դրա կարիքն ինչքանով կար, ակնհայտ է, որ չկար», - ասաց փաստաբանը:
Գագիկ Ծառուկյանը ձերբակալվեց երկու օր առաջ՝ իր առանձնատանը: Երեկ դատարանը նրան երկու ամսով կալանավորելու որոշում կայացրեց, ինչին զուգահեռ Քննչական կոմիտեն հրապարակեց խուզարկության օրվա կադրերը:
Մեկրոպեանոց տեսանյութում երևում է, թե ինչպես են Ազգային անվտանգության ծառայության զինված ու դիմակավորված աշխատակիցները ներխուժում գործարարի առանձնատուն: Արդեն ներսում ԱԱԾ-ի մոտ մեկ տասնյակ ծառայողներ շրջապատում են 70-ամյա Ծառուկյանին, բռնում նրա ձեռքերից ու ոտքերից և տապալում գետնին:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդի հետևից իրավապահները գնացին վարչապետի հրապարակային սպառնալիքներից հետո։ Ծառուկյանը Նիկոլ Փաշինյանի թիրախում հայտնվեց, երբ մտավ ընտրապայքարի մեջ ու հայտարարեց «Քաղաքացիական պայմանագրին» իշխանազրկելու իր որոշման մասին։ Թե՛ քարոզարշավի ընթացքում, թե՛ հետընտրական փուլում վարչապետ Փաշինյանն արդեն բաց տեքստով, ուղիղ սպառնում էր ընդդիմադիր ուժի առաջնորդին՝ խոստանալով ոչ միայն բանտ ուղարկել, այլև ունեզրկել նրան։
Ըստ իրավապաշտպանների՝ Ծառուկյանի շուրջ ծավալվող իրադարձությունները քաղաքական են
Հենց այս հայտարարությունները հաշվի առնելով են իրավապաշտպանները պնդում՝ Գագիկ Ծառուկյանի շուրջ ծավալվող իրադարձությունները քաղաքական են: Նրանք անթույլատրելի ու դատապարտելի են համարում ոչ միայն Ծառուկյանին գետին տապալելու տեսարանը, այլ նաև դրա հանրայնացումը: Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի կարծիքով՝ այդ ամենն արվեց վարչապետին գոհացնելու համար:
«Կարծում եմ, որ համակրանքը Ծառուկյանի կողմն է, որը արժանապատվորեն դիմակայեց այդ ամեն ինչին: Առանց այդ էլ վախի մթնոլորտը այս Հանրապետությունում արդեն տեղ է գտել: Դրանից հետո անցնում է հաջորդ քայլին մի մարդ, որը չի խնայում նույնիսկ կենդանիներին», - ասաց Ալեքսանյանը:
Հայաստանի օրենսդրությամբ իրավապահները մարդուն գետնին տապալելու և ֆիզիկական ուժ գործադրելու իրավունք ունեն ծայրահեղ դեպքերում, երբ անձը ցույց է տալիս ակտիվ դիմադրություն, չի ենթարկվում օրինական պահանջներին, զինված է կամ սպառնալիք է ներկայացնում շրջապատի համար։ Գագիկ Ծառուկյանի փաստաբանը, սակայն, պնդում է՝ թվարկված հիմքերից և ոչ մեկը գործարարի դեպքում չի եղել:
Իրավապաշտպան Աննա Մելիքյանի խոսքով՝ իրենց կազմակերպությունը մի շարք դեպքեր է արձանագրել, երբ իրավապահները քաղաքացուն ձերբակալել են ցուցադրաբար՝ նպատակ ունենալով պատժել և նվաստացնել մարդու արժանապատվությունը:
«Նման դեպք արձանագրել ենք և այս դեպքում Գագիկ Ծառուկյանի ձերբակալության դեպքում, որովհետև կադրերից երևում է, որ դիմադրություն ցույց չի տալիս, ու մի քանի աշխատակից հատուկ փորձում ենք նրան տապալել գետնին», - նշեց Մելիքյանը:
Նմանօրինակ նախադեպերը հնարավոր է կանխել, եթե քաղհասարակությունն ու հանրությունը ընդվզեն, շեշտում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը: Պնդում՝ մինչև այս էլ «Բարգավաճ Հայաստան»-ը տուժել էր մեկ այլ ապօրինությունից, երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ երկու ընտրատեղամասի արդյունքներն անվավեր ճանաչելու հետևանքով դուրս մնաց խորհրդարանից. «Հիշում եք չէ՞ եկեղեցուն ինչ էր անում: Անօրինական գործունեությունը իր տարերքն է»
Աղմուկ՝ համացանցում
Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկի գետնին տապալելու կարդերը մեծ աղմուկ է առաջացրել նաև համացանցում: Օգտատերերից մեկը գրել է. «Երբեք չէի մտածի, որ կարեկցանք կտածեմ Ծառուկյանի նկատմամբ, բայց նրան ձերբակալելու մասկի շոու կադրերն ուղղակի գարշելի են, մարդու, քաղաքացու արժանապատվությունը ոտնահարող, օրենքի ու իրավունքի ոգին ոտնահարող: Նույնիսկ ամենավերջին մարդը բազային վարվեցողության ու հարգանքի է արժանի: Էդ չեկիստական մեթոդներով, նողկանք առաջացնող մասկի շոուն ոչ թե օրենքի եւ իրավական պետություն, այլ խառնամբոխի, փողոցի խուժանի բարքեր է ներշնչում մարդկանց»:
Գրառումներից մեկի հեղինակն էլ զուգահեռներ անցկացնելով է իր դիրքորոշումը հայտնել. «70 տարեկան Ծառուկյանին, երբ մարդն ինքն իր տան դուռը բացել ու հրավիրել է ներս, հարվածելով գետնին տապալելու կադրերը տեսնելիս՝ աչքիս առաջ եկան կադրերը, թե ինչպես էին նույն իրավապահները խնամքով, փայփայելով, գուրգուրելով տեղափոխում Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանին սպանածին»:
Ծառուկյանին գետնին տապալելու տեսանյութը մտահոգել է ՄԻՊ-ին
Իրավապահ կառույցները երեկվանից չեն ներկայացրել Ծառուկյանի նկատմամբ կիրառված մեթոդների անհրաժեշտությունը: ԲՀԿ առաջնորդին գետնին տապալելու տեսանյութը մտահոգել է մարդու իրավունքների պաշտպանին:
ՄԻՊ-ի հայտարարության մեջ ասվում է՝ անձի նկատմամբ կիրառվել է անհամաչափ ֆիզիկական ուժ այն պարագայում, երբ որևէ դիմադրություն չի ցուցաբերել, իսկ կիրառված ձեռնաշղթան եղել է Ծառուկյանի դաստակների չափից փոքր: