Anthropic-ը դարձել է աշխարհի ամենաարժեքավոր հանրային ընկերություններից մեկը

Anthropic-ը IPO է անցկացնում NASDAQ-ում
Anthropic-ը IPO է անցկացնում NASDAQ-ում

Anthropic-ը դարձել է աշխարհի ամենաարժեքավոր հանրային ընկերություններից մեկը, այն բանից հետո, երբ ընկերությունը երեկ ցուցակվեց ֆոնդային բորսայում, իսկ բաժնետոմսերի վաճառքի արդյունքում դրա շուկայական արժեքը հասավ մոտ 1.76 տրիլիոն դոլարի, հայտնում է BBC-ն:

Արհեստական բանականության (ԱԲ) տեխնոլոգիաներ մշակող ընկերության մեկնարկը Nasdaq ֆոնդային բորսայում կարևորագույն փորձություն էր ոլորտի համար՝ հաշվի առնելով, թե ինչ ահռելի գումարներ են ներդրվում աշխարհում այս տեխնոլոգիայի զարգացման համար, նշում է գործակալությունը։

Anthropic-ի բաժնետոմսերի գինը գերազանցեց տեղաբաշխման 83 դոլարը, ինչը ցույց է տալիս, որ ԱԲ-ի շուրջ մեծ ոգևորություն կա։ Այնուամենայնիվ, ընկերությունը, որը հեղինակել է ԱԲ-ով գործող Claude չաթբոտը, առաջիկա ամիսներին կմնա խիստ ուշադրության՝ պատասխանելու համար ԱԲ-ին վերաբերող գլխավոր հարցին՝ արդյոք արժե նման ջանքեր գործադրել այս ոլորտում, գրում է BBC-ն:

Ընդամենը մի քանի ժամվա առևտրի ընթացքում Anthropic-ի բաժնետոմսերը, կարծես, ցույց տվեցին, որ ներդրողները դեռ անորոշության մեջ են առ այն, թե ուր է շարժվում ԱԲ տեխնոլոգիան։ Բաժնետոմսի գինն անմիջապես բարձրացավ մինչև 111.53 դոլար, ընկերության շուկայական արժեքը հասցնելով գրեթե 2 տրիլիոն դոլարի, նախքան օրվա վերջում անկում ապրելը, երբ շուկան փակվեց բաժնետոմսերի 97.17 դոլար գնի սահմաններում։

Որոշ ներդրողներ հայտարարեցին, որ Anthropic-ի մեկնարկը, կարծես, հաջողված էր, քանի որ օրվա ընթացքում բաժնետոմսերի գինն ավելացավ մոտ 17%-ով, սակայն տեխնոլոգիական շուկան ընդհանուր առմամբ այդքան լավ ցուցանիշներ չգրանցեց:

Տեխնոլոգիական Nasdaq Composite ինդեքսը փակվել է գրեթե 2.3% անկումով։ Ամենամեծ տեխնոլոգիական ընկերությունների, այդ թվում՝ Google-ի մայր ընկերության՝ Alphabet-ի բաժնետոմսերը նվազեցին 2.9%-ով, մինչդեռ Amazon-ը կորցրել է գրեթե 3.9%։

«ԱԲ դարաշրջանում տեխնոլոգիաների զարգացումը տեխնոլոգիաների պատմության մեջ ամենաթանկ նախագծերից մեկն է, որի վրա միայն անցյալ տարվա ընթացքում մի քանի խոշոր տեխնոլոգիական ընկերություններ ծախսել են ավելի քան 1 տրիլիոն դոլար»,- գրում է գործակալությունը։

Ներդրումների աճի արագ տեմպը հանգեցրել է ֆինանսական «փուչիկի» վերաբերյալ մշտական մտահոգությունների։ «Փուչիկները չեն պայթում ամենամեծ գործարքի օրը, - ասել է Սոլֆորդի համալսարանի տնտեսագետ Ռիչարդ Ուիթլը,-Դրանք պայթում են ավելի ուշ, երբ դրական հեռանկարը կասկածելի է դառնում»։

​
XS
SM
MD
LG