ԱՄՆ-ը խստացրել է առաջադեմ չիպերի արտահանման սահմանափակումները

Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Միացյալ Նահանգների առևտրի նախարարությունը խստացրել է արհեստական բանականության համար առաջադեմ միկրոսխեմաների արտահանման կանոնները՝ երրորդ երկրների միջոցով ամերիկյան տեխնոլոգիաների հասանելիությունը չինական ընկերությունների համար սահմանափակելու նպատակով, հաղորդում են Bloomberg-ը և CBS News-ը:

Համաձայն երեկ հրապարակված փաստաթղթի՝ առաջադեմ չիպերի Բրազիլիա, Մալայզիա, Սինգապուր և Թայլանդ արտահանման, վերաարտահանման և փոխանցման համար կպահանջվի հավելյալ արտոնագիր:

Ամերիկյան իշխանությունները համարում են, որ այդ երկրները կարող են օգտագործվել արտահանման սահմանափակումների շրջանցման համար: Խոսքը ինչպես միջնորդների միջոցով Չինաստան միկրոսխեմաների առաքումների, այնպես էլ տվյալների մշակման օտարերկրյա կենտրոնների հաշվողական հզորությունները չինական ընկերությունների համար հասանելի դարձնելու մասին է:

Նոր սահմանափակումները տարածվում են միայն առավել առաջադեմ միկրոսխեմաների վրա:

Նոր կանոնները հրապարակվել են Nvidia ընկերության ղեկավար Ջենսեն Հուանգի հրաժարականից օրեր անց, որի պատճառ էր դարձել սինգապուրյան Megaspeed ընկերության ղեկավար Էլիս Հուանգի հետ նրա հարաբերությունների շուրջ սկանդալը: Megaspeed-ը Հարավարևելյան Ասիայում Nvidia-ի չիպերի խոշորագույն գնորդներից է: Ամերիկյան հատուկ ծառայությունները Էլիս Հուանգին կասկածում են Չինաստանի իշխանությունների հետ համագործակցության մեջ:

Nvidia-ի շուրջ սկանդալի և չիպերի արտահանման ամերիկյան նոր սահմանափակումների միջև ուղղակի կապ պաշտոնապես հաստատված չէ:

​
XS
SM
MD
LG