Մատչելիության հղումներ

ArCa քարտերով գործարքների խթանումը՝ պետական աջակցությո՞ւն, թե՞ բանկերի լոբբինգ


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

«Ես ArCA քարտ չունեի, հատուկ եմ հանել, որպեսզի խրախուսեմ մարդկանց էդ 2 տոկոս հետվճարի ծրագրից օգտվել». - աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն իր օրինակով փորձում է քաղաքացիներին խրախուսել ArCA՝ հայկական քարտ պատվիրել ու գործարքները դրանով իրականացնել: Պատճառը հունվարի 1-ից ուժի մեջ մտած 2 տոկոս հետվերադարձի ծրագիրն է, որից կարող են օգտվել միայն ArCa քարտ ունեցողները:

Տարեվեջին հաստատված այս նորամուծությամբ Կառավարությունն, ըստ էության, քաղաքացիներին ուղղորդում է փոխել քարտի տեսակը՝ համաշխարհային առաջատար Visa և Master քարտերից անցում կատարել տեղական ArCa-ին:

Այն, որ միջազգային հեղինակավոր ընկերությունների քարտերից օգտվողները Հայաստանում մի քանի անգամ ավելի շատ են, հաստատում է նաև պաշտոնական վիճակագրությունը: Կենտրոնական բանկի տվյալներով` 2025-ի երրորդ եռամսյակում Հայաստանի տարածքում Visa քարտերով կատարված գործարքներն անգամներով են գերազանցել ArCa քարտերով իրականացվածների ծավալը: Թողարկված ArCa քարտերի քանակը նույնպես զգալիորեն փոքր է. նույն ժամանակահատվածում Հայաստանում շրջանառության մեջ է եղել ավելի քան 2.5 միլիոն Visa քարտ, ArCa քարտերի թիվը 771 հազարի էլ չի հասել՝ մոտ 3.3 անգամ ավելի քիչ:

Արսեն Թորոսյանի հրապարակման մեկնաբանությունները վկայում են՝ ֆեյսբուքյան օգտատերերը թացը չորից տարբերել են.

«Իմ քարտերը վիզա են բոլորը, հետվճար չի՞ լինելու, խոսքը տոկոսի մասին է»:

«Ձերոնց ռոճիկներն ու պարգևավճարները էս մեթոդով ավելացրա, ընկեր»:

«Մարդուն ձեռ եք առնում, ԱՌՔԱ թոշակի ժամկետը չլրացած՝ ստիպողաբար VISA քարտով փոխարինեցիք, հիմա էլ ԱՌՔԱ-ով հետվճար»:

Ամենակարկառուն իշխանականներից Արսեն Թորոսյանն իր տեսանյութում ուղիղ առաջարկում է փոխել քարտերը. - «Հիմա եթե մեր կենսաթոշակառուները և նպաստառուները իրենց էս տեսակի քարտերը՝ կա՛մ Visa, կա՛մ Master, փոխարինեն այ էս տեսակ քարտերով, ի դեպ՝ գույները կարող են տարբեր լինել և բանկերն էլ կարող են տարբեր լինել, ապա նրանք կարող են ստանալ ոչ թե 20 տոկոս հետվճար, այլ 22 տոկոս հետվճար»:

Այս որոշումը Կառավարությունը տարվա վերջին նիստին ընդունեց, և հենց այդ ժամանակ էլ մեկնարկեց ArCa-ի յուրօրինակ գովազդային արշավը, իր փորձով նաև էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը կիսվեց. - «Մտել եմ իմ հավելված, իմ հավելվածում կա՝ «Պատվիրել քարտ», պատվիրել եմ ArCa քարտ, որը երեք օր հետո բերել են էնտեղ, որտեղ որ դու ուզում ես: Չեմ վճարել դրա համար, տարեկան կարծես թե 1000 դրամ քարտի համար վճարման ծախս կա, կամ 1500»:

«Սա նաև լավ հնարավորություն է, որ մեր համակարգը տեղի զարգանա և ավելի մրցունակ դառնա», - հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության այս նիստի ընթացքում նաև սխալ ներկայացրեցին ArCa քարտերի սպասարկման վճարները, այն իրականում տատանվում է տարեկան 2000-ից 5000 դրամի սահմանում, ավելի մատչելի առաջարկներ գտանք միայն մի քանի բանկերի կայքերում:

Արդյո՞ք գործադիրի այս քայլը հակամրցակցային չէ միջազգային խոշոր երկու ընկերությունների նկատմամբ, ինչո՞ւ է պետությունը տարբերություն դնում նրանց միջև՝ ընդունելով մի որոշում, որը ենթադրում է, որ մարդիկ իրենց Visa ու Master քարտերն ArCa-ով փոխարինեն:

«Visa-ն ու Master-ը իրենք կարող են, իրոք, դա դիտարկել որպես հակամրցակցային առավելություն տալ. ինչո՞ւ է պետությունը ուշադրություն դարձնում դրա վրա բանկերին խթանելով, վերցնելով իր վրա այդ ծախսերը», - «Ազատության» հետ զրույցում նշեց ֆինանսական և բանկային համակարգում աշխատանքի երկարամյա փորձ ունեցող Արթուր Ղազարյանը:

Նրա կարծիքով՝ Կառավարության այս որոշման իրական շահառուները ոչ թե քաղաքացիներն են լինելու, այլ՝ բանկերը: 26 տարվա պատմություն ունեցող ArCa-ի բաժնեմասերի 55 տոկոսը տնօրինում է գլխավոր դրամատունը, մնացած 45 տոկոսը պատկանում են այժմ գործող 17 առևտրային բանկերին:

Ղազարյանի գնահատմամբ՝ պետական ֆինանսների տեսանկյունից սա արդյունավետ չի լինի. - «Պետությունը խթանում է, ArCa քարտերը տարածում է բանկերին, ու այդ գումարը ի վերջո գնում է բանկերին, ու գումարած՝ ArCa-ն էլ է կատարում ծախսեր, պետությունն էլ է կատարում ծախսեր, ո՞ւմ հաշվին՝ հարկատուների հաշվին: Սա բանկերի լոբբինգ է, Հայաստանի բանկերի լոբբինգն է»:

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը, մինչդեռ, կարծում է, որ պետությունը պետք է աջակցի տեղական ArCa-ին, քանի որ այս ընկերությունը մրցակցել պարզապես չի կարողանում:

«Տնտեսական տեսանկյունից, տնտեսական անվտանգության տեսանկյունից շատ կարևոր է դիվերսիֆիկացնել վճարային այդ քարտային հնարավորությունները: Մեր տեղական քարտը ArCa չունի այդ մրցակցային առավելությունները, որ կարողանա մրցակցել այդ խոշոր քարտերի հետ, և պետությունը պետք է աջակցի այս առումով», - «Ազատության» հետ զրույցում ասաց Պարսյանը:

Այս թեման անցած տարի վարչապետի ոչ ճշգրիտ հայտարարությունից սկսվեց. 2026-ի պետական բյուջեի քննարկումների ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե բոլոր քաղաքացիները հետվճար կստանան, ավելի ուշ պարզվեց, որ հնարավորությունից միայն ArCA քարտ ունեցողները կօգտվեն:

«Այս տարի ներդնելու ենք համընդհանուր ետվճարի համակարգը, այսինքն՝ բոլոր քաղաքացիները անկանխիկ առևտրի դեպքում իրենց առևտրի որոշակի տոկոս հետ են ստանալու», - ասել էր վարչապետը:

Մեկ այլ խնդիր է այս ամեն ամենի տեխնիկական մասը: ArCa համակարգը պարբերաբար խափանվում է, հայաստանցիները հաճախ ժամեր շարունակ չեն կարողանում բանկային գործարքներ կատարել: Մասնագետների կարծիքով՝ սպասարկվող քարտերի քանակի մեծացումը կարող է իրավիճակն ավելի բարդացնել:

XS
SM
MD
LG