Մասկն ու ավելի քան 175 հազար մարդ պահանջում են Nvidia-ի նախկին ղեկավարի վերադարձը

Իլոն Մասկը տեխնոլոգիական ոլորտի մի շարք հայտնի ներկայացուցիչների և ներդրողների հետ միացել է Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգին պաշտոնում վերականգնելու կոչին։

Կոչերը հնչում են ընկերության ղեկավարի հրաժարականից ընդամենը չորս օր անց։ Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգը հրաժարական է տվել արտաամուսնական կապերի մասին հրապարակումների և Չինաստանի ենթադրյալ հետախուզական գործակալի հետ կապ ունենալու շուրջ ծագած սկանդալի ֆոնին։

«Կանգնել Ջենսենի կողքին» (Stand with Jensen) արշավին արդեն միացել է ավելի քան 175 հազար մարդ։ Նրանք պահանջում են, որ Nvidia-ի տնօրենների խորհուրդը անկախ հետաքննության ընթացքում վերականգնի նախկին ղեկավարին իր պաշտոնում։

Tesla-ի և SpaceX-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը, ինչպես նաև Epic Games տեսախաղերի հրատարակչի հիմնադիր և ղեկավար Թիմ Սուինին այն հայտնի գործիչների թվում են, որոնք աջակցել են Հուանգի վերադարձը պահանջող բաց նամակին։

«Սխալվելը մարդկային է». Uber-ի համահիմնադիրը պաշտպանում է Հուանգին

Արշավին աջակցել են նաև Shopify-ի ղեկավար Թոբիաս Լյուտկեն և Uber-ի համահիմնադիր Թրևիս Կալանիկը։

Կալանիկը աջակցության հայտարարության մեջ նշել է․

«Այո՛, նա սխալվել է․ սխալվելը մարդկային է։ Չեմ կարծում, որ նրա արարքն այնքան ծանր է, որ դրա համար նրան պետք է հեռացնել իր իսկ հիմնադրած ընկերությունից»,- ասել է Կալանիկը։

Արշավի կազմակերպիչների տվյալներով՝ նամակին միացել են նաև Nvidia-ի ավելի քան 8 հազար գործող աշխատակիցներ։

Nvidia-ն անցած շաբաթ հայտարարել էր, որ Հուանգը անհապաղ հրաժարական է տվել նախագահի և գործադիր տնօրենի պաշտոններից և այլևս ընկերության տնօրենների խորհրդի անդամ չէ։ Ժամանակավորապես ընկերության ղեկավարի պարտականությունները ստանձնել է ֆինանսական տնօրեն Քոլեթ Քրեսը։

Ի դեպ, Չինաստանի իշխանությունները հերքել են Հուանգի հետ ենթադրյալ լրտեսի կապի մասին մեղադրանքները՝ դրանք որակելով Չինաստանին վարկաբեկելու փորձ։

Պեկինը նաև մեղադրել է Վաշինգտոնին՝ տեխնոլոգիական ոլորտում Չինաստանի նկատմամբ սահմանափակումներն արդարացնելու նպատակով լրտեսության մասին պատմություններ տարածելու մեջ։

​
XS
SM
MD
LG