Ամերիկյան Nvidia ընկերության արդեն նախկին տնօրեն Ջենսեն Հուանգին կանչել են Սենատ՝ չինացի ենթադրյալ լրտեսի հետ սիրային կապի և ԱՄՆ ազգային անվտանգության վրա դրա հնարավոր ազդեցության մասին ցուցմունք տալու։
Արհեստական բանականության տեխնոլոգիաներում կիրառվող չիպեր արտադրող հսկայի ղեկավարը երեկ հրաժարական տվեց՝ տնօրենների խորհրդի որոշումից հետո:
ԱՄՆ առևտրի նախարարը ևս հրավիրվել է Սենատ՝ հարցաքննության: Հովարդ Լութնիկն օրենսդիրների ուշադրության կենտրոնում է հայտնվել, երբ ամերիկացի անանուն պաշտոնյաներ լրատվամիջոցներին ասել էին, թե նախարարը հապաղում է Nvidia-ի չիպերը Չինաստան արտահանելու սահմանափակումները խստացնելու հարցում։
Վաշինգտոնը ազգային անվտանգության նկատառումներով սահմանափակում է առաջադեմ չիպերի, դրանց արտադրման տեխնոլոգիաների արտահանումը մի շարք երկրներ, այդ թվում՝ Չինաստան:
«Ամերիկացիներն արժանի են պատասխաններ ստանալ»
Հուանգին և Լութնիկին Սենատ է հրավիրել հանրապետական սենատոր Թիմ Սքոթը։ Նա Հուանգին խնդրել է կամավոր ներկայանալ՝ զգուշացնելով, որ հակառակ դեպքում օրենքով կարող են պարտադրել: Սքոթը սոցցանցում գրել է.
«Վերջին լուրերը լուրջ մտահոգություններ են առաջացնում մեր ազգային անվտանգության և ԱՄՆ կարևոր տեխնոլոգիաների պաշտպանության վերաբերյալ: Ամերիկացի ժողովուրդն արժանի է պատասխաններ ստանալ»,- սոցցանցում գրել է սենատորը:
Ներկայացուցիչների պալատի երեք հանձնաժողովներ իրենց հերթին Nvidia-ի նախկին ղեկավարին հրավիրել են դռնփակ հարցաքննության:
Որևէ ապացույց դեռ չկա
Չինաստանը հերքել է, թե սինգապուրյան Megaspeed ընկերության գործադիր տնօրեն Ալիս Հունանգն աշխատում է իր հատուկ ծառայությունների համար:
Սինգապուրն էլ անդրառնալով երկրում նրա նկատմամբ անցկացված հետաքննությանը, պարզաբանել է, որ դա լրտեսությանը չի վերաբերել, այլ կապված է Nvidia-ի չիպեր պարունակող սերվերների հնարավոր ապօրինի վերաարտահանման ու մաքսային կեղծ հայտարարագրերի հետ։ Թեև բավարար ապացույցներ իրավապահները չեն գտել՝ արգելվել է Ալիս Հուանգի մուտքը Սինգապուր։
ԱՄՆ գլխավոր դատախազն իր հերթին հայտարարել է, որ ԱՄՆ իրավապահ մարմիններից ոչ մեկը դեռ չի եզրակացրել, որ Ալիս Հուանգը չինացի լրտես է։ Թոդ Բլանշն ասել է, որ Հետաքննությունների դաշնային բյուրոն հետաքննություն է անցկացնում։
«Իհարկե, Արդարադատության նախարարությունը հետաքննություն է անցկացնում … Նախարարությունը, ես կամ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Փաթելը, որևէ մեկը եզրակացության չի հանգել այն մասին, թե ով է նա»,- ասել է ԱՄՆ գլխավոր դատախազը:
Nvidia-ի կորուստները
Չինացի ենթադրյալ լրտեսի հետ Ջենսեն Հուանգի սիրավեպի մասին լուրերից առաջ Nvidia-ն աշխարհի ամենաարժեքավոր ընկերություններից մեկն էր, որի շուկայական արժեքը կազմում էր մոտ 4.5 տրիլիոն դոլար: Սակայն սկանդալից հետո բաժնետոմսերը կտրուկ անկում ապրեցին, և ընդամենը հինգ օրում Nvidia-ի շուկայական արժեքը նվազեց ավելի քան 500 միլիարդ դոլարով:
Հուանգը կիրակի էր խոստովանել, որ հավատարիմ չի եղել կնոջը: Լրատվամիջոցները նաև գրում են, թե տարիներ առաջ նա սիրավեպ է ունեցել Nvidia-ի գործընկերներից մեկի՝ ընկերությունում երկար տարիներ աշխատած Քիմբերլի Փաուելի հետ, որը պաշտոնի բերումով Հուանգի անմիջական ղեկավարության ներքո է աշխատել:
Երկու այլ գործընկերների հետ Ջենսեն Հուանգը Nvidia-ն հիմնադրել է 1993 թվականին և այն ղեկավարել է ավելի քան երեք տասնամյակ: