ԱՄՆ Սենատ է ներկայացվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման մասին օրինագիծը, որը նախկինում առաջ էր մղում հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը։ Նրա մահից հետո նախաձեռնությունը Կոնգրեսի վերին պալատ է ներկայացրել դեմոկրատ սենատոր Ռիչարդ Բլումենթալը։
Օրինագիծն ավելի վաղ արդեն ստացել էր ավելի քան 60 սենատորի, այդ թվում՝ հանրապետական մեծամասնության առաջնորդ Ջոն Թունի աջակցությունը, ինչը մեծացնում է Սենատի կողմից դրա ընդունման հավանականությունը։
«Օրինագծի ներկայացումը, որի սկզբնական համահեղինակներից մեկն է նաև Սենատի մեծամասնության առաջնորդը, հստակ ազդակ է այն մասին, որ Սենատի ղեկավարությունը միաձայն աջակցում է այս նախաձեռնությանը»,- «Ազատություն» ռադիոկայանին ասել է հանրապետական սենատորների բարձրաստիճան օգնականներից մեկը, որը տեղյակ է քննարկումների ընթացքից։
Օրինագիծը նախատեսում է պատժամիջոցներ Ռուսաստանի բարձրագույն քաղաքական և ռազմական ղեկավարության, այդ թվում՝ Վլադիմիր Պուտինի, ռուսական բանկերի՝ ներառյալ Ռուսաստանի Կենտրոնական բանկի, «Սբերբանկ»-ի, ՎՏԲ-ի և «Գազպրոմբանկ»-ի, ինչպես նաև պաշտպանական, էներգետիկ և տրանսպորտային ոլորտների ձեռնարկությունների նկատմամբ։
Նախագծով առաջարկվում է սահմանափակումները տարածել նաև ռուսական նավթ, գազ, ածուխ, ուրան և պատժամիջոցների տակ գտնվող այլ ապրանքներ տեղափոխող նավերի, ինչպես նաև օտարերկրյա այն քաղաքացիների և ընկերությունների նկատմամբ, որոնք մատակարարումներ են իրականացնում Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրին։
Բացի այդ, փաստաթուղթը նախատեսում է ԱՄՆ քաղաքացիների և ընկերությունների համար Ռուսաստանի տնտեսությունում ներդրումներ կատարելու, ինչպես նաև Ռուսաստանի պետական պարտատոմսեր ձեռք բերելու լիակատար արգելք։
Օրինագծով նաև առաջարկվում է մինչև 500 տոկոս մաքսատուրք սահմանել ռուսական ներմուծման նկատմամբ, ինչպես նաև մինչև 100 տոկոս մաքսատուրքեր կիրառել այն երկրների ապրանքների նկատմամբ, որոնք շարունակում են գնել ռուսական նավթն ու գազը և օգնում են Մոսկվային շրջանցել պատժամիջոցները։
Օրինագիծը նախատեսում է, որ պատժամիջոցների չեղարկումը հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը դադարեցնի ռազմական գործողությունները և կնքվի խաղաղության համաձայնագիր, որը կհաստատի Ուկրաինայի կառավարությունը։