ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ Չինաստանի ռազմական ակտիվությունը Թայվանի և տարածաշրջանի այլ երկրների մոտակայքում «անհիմն կերպով ուժեղացնում է լարվածությունը»: Պետդեպը կոչ է արել Պեկինին դադարեցնել ռազմական ճնշումը կղզու վրա:
Թայվանի նախագահ Լայ Չին-տեն, իր հերթին, հայտարարել է, որ կղզին վճռական է պաշտպանելու իր ինքնիշխանությունը և ամրապնդել իր պաշտպանությունը: Նա ամանորյա ելույթում հավելել է, որ միջազգային հանրությունը հետևում է, թե արդյոք Թայվանի ժողովուրդը վճռականություն կունենա պաշտպանելու իրեն՝ շեշտելով պաշտպանական գնումների ավելացման անհրաժեշտությունը:
Նա ընդդիմադիր կուսակցություններին կոչ է արել աջակցել Թայվանի պաշտպանական ծախսերը 40 միլիարդ դոլարով ավելացնելու իր ծրագրին:
Կղզու մոտ Չինաստանի երկօրյա վարժանքներից առաջ Թայվանի անվտանգության հիմնական աջակից Միացյալ Նահանգները հաստատել էր Թայպեյին ռեկորդային՝ 11.1 միլիարդ դոլարի զենքի վաճառքը։ Ի պատասխան Չինաստանի արտգործնախարարը հայտարարել էր, թե Պեկինը «հուժկու կերպով կհակազդի» ամերիկյան զենքի խոշորածավալ վաճառքին՝ հավելելով, որ Թայվանի և Չինաստանի միավորմանը խոչընդոտելու ցանկացած փորձ «դատապարտված է ձախողման»։
Թայվանը մերժում է Չինաստանի միավորման պահանջները։