Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ն, ՀՀ-ն ու Ադրբեջանը շարունակում են հանձնառու մնալ օգոստոսի 8-ի Համատեղ հռչակագրի լիարժեք իրականացմանը

Միացյալ Նահանգները, Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատում են իրենց անսասան աջակցությունը ՀՀ-ի և Ադրբեջանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և իրավազորությանը՝ իրենց միջազգայնորեն ճանաչված սահմաններում, ասված է Սպիտակ տանը կայացած Խաղաղության գագաթնաժողովի մեկամյա տարեդարձի առթիվ երեք երկրների համատեղ հայտարարությունում, որը հրապարակել է ՀՀ արտգործնախարարությունը:

«Երեք երկրները շարունակում են հանձնառու մնալ օգոստոսի 8-ի Համատեղ հռչակագրի լիարժեք իրականացմանը՝ դրա տառին և ոգուն համապատասխան, ինչպես նաև տարածաշրջանի բացառիկ տնտեսական ներուժի բացահայտմանը»,- ասված է հայտարարությունում:

Մեկ տարի առաջ Երևանն ու Բաքուն Սպիտակ տանը նախաստորագրեցին հայ – ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը: ԱՄՆ նախագահի ներկայությամբ նախաստորագրված փաստաթուղթը կողմերը պատմական որակեցին, իսկ դրան հաջորդած ամիսներին հայտարարում էին, թե երկու երբեմնի թշնամիների միջև խաղաղությունը փաստացի հաստատված է:

ՀՀ ԱԳՆ-ի կողմից այսօր տարածած երեք երկրների համատեղ հայտարարությունում նշվում է, որ Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու մնալ Հայաստանի և Ադրբեջանի հետ ստորագրված երկկողմ կանոնադրությունների և փոխըմբռնման հուշագրերի լիարժեք իրականացմանը, ինչպես նաև երկու երկրների հետ իր երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդմանը:

«Իրական խաղաղությունը երբեք մեկ օրում չի կերտվում, բայց ինչպես ասում է նախագահ Թրամփը` «Խոստումները տրված են, խոստումները կատարված են»։ Հայաստանի և Ադրբեջանի կողմից տևական խաղաղության ուղղությամբ իրականացվող քայլերն օրինակ են ամբողջ աշխարհի համար, և մենք տարածաշրջանի համար ակնկալում ենք պայծառ ու բարգավաճ ապագա»,-նշվում է հայտարարությունում:

XS
SM
MD
LG