ԱՄՆ-ն և Ռուսաստանը համաձայնել են վերականգնել բարձր մակարդակի ռազմական շփումները՝ 2021 թվականից ի վեր առաջին անգամ: Այս մասին հաղորդում է ԱՄՆ Եվրոպական հրամանատարությունը։
Համաձայնագիրը կնքվել է Աբու Դաբիում՝ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ խաղաղության բանակցությունների շրջանակներում, որտեղ ԱՄՆ Եվրոպական հրամանատարության հրամանատար գեներալ Ալեքսուս Գ. Գրինկևիչը հանդիպել է ռուս և ուկրաինացի բարձրաստիճան զինվորականների հետ։
ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթկոֆը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, նույնպես մասնակցել են Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ եռակողմ բանակցություններին։
ԱՄՆ-ի և Ռուսաստանի բարձրաստիճան զինվորականների միջև հաղորդակցության ալիքը խզվել է 2021 թվականի վերջին՝ 2022-ի փետրվարին Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից կարճ ժամանակ առաջ։
«Զինվորականների միջև երկխոսության պահպանումը կարևոր գործոն է համաշխարհային կայունության և խաղաղության համար, որը կարող է ձեռք բերվել միայն ուժի միջոցով և ապահովում է թափանցիկության ու լարվածության թուլացման միջոց», - հայտարարել է ԱՄՆ Եվրոպական հրամանատարությունը։
Հայտարարության մեջ նշվում է, որ Գրինկևիչը նաև լիազորություններ ունի՝ որպես Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի գլխավոր հրամանատար, ռազմական երկխոսություն վարելու Ռուսաստանի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հետ։
Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր Մոսկվան և Վաշինգտոնը սահմանափակ շփումներ են ունեցել՝ ներառյալ պաշտպանության նախարարների և շտաբների պետերի միջև հեռախոսազրույցները։
DPA լրատվական գործակալությունը գրում է՝ Թրամփը փորձում է վերականգնել երկկողմ կապերը տարբեր մակարդակներում, հիշեցնելով՝ նա մի քանի անգամ հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ և 2025-ի օգոստոսին էլ հանդիպել նրա հետ Ալյասկայում։