Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակություններն Իսլամաբադում են, որտեղ այսօր ավելի ուշ կբանակցեն պատերազմը դադարեցնելու շուրջ, մինչ Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին:
Ամերիկյան պատվիրակությունը ղեկավարում է փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, բանակցություններին կմասնակցեն նաև հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները:
Ըստ իրանական լրատվամիջոցների՝ իրանական պատվիրակությունը, որը ղեկավարում է խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը և որը բաղկացած է 71 մարդուց, բանակցություններից առաջ հանդիպել է Պակիստանի վարչապետի հետ: Պատվիրակության կազմում է նաև արտգործնախարար Աբբաս Արաղչին:
Վաշինգտոնն ու Թեհրանը, սակայն, մի շարք տարաձայնություններով են գնում բանակցությունների: Իրանը պնդում է, որ երկշաբաթյա հրադադարը պետք է տարածվի նաև Լիբանանի վրա, պետք է վերացվեն պատժամիջոցները, ապասառեցվեն իրանական ակտիվները, ճանաչվի Հորմուզի նեղուցի նկատմամբ Թեհրանի ինքնիշխանությունը, իսկ նեղուցն ամբողջությամբ կբացվի Լիբանանում հրադադարից հետո:
Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան Reuters-ին ասել է, որ իրանական ակտիվների ապասառեցումը ևս ուղիղ կապ ունի նեղուցն ամբողջությամբ վերաբացելու հետ: Ըստ նրա՝ այս պահանջով Թեհրանը ցանկանում է համոզվել՝ արդյոք ԱՄՆ-ն լո՞ւրջ է տրամադրված կայուն խաղաղությանը հասնելուն: Պաշտոնյան նաև ասել է, որ Վաշինգտոնը համաձայնել է ապասառեցնել իրանական ակտիվները:
ԱՄՆ-ն, սակայն, պնդում է, որ Լիբանանը հրադադարի գործարքի մաս չէ, Հորմուզը պետք է բացվի անմիջապես, Իրանն էլ պետք է հրաժարվի միջուկային ծրագրից: Բանակցություններից առաջ ԱՄՆ նախագահը կրկնել է՝ Իրանը չի կարող միջուկային ծրագիր ունենալ։ Դոնալդ Թրամփը նաև նշել է, որ Հորմուզի նեղուցը այսպես թե այնպես շուտով կբացվի:
«Իրանը չպետք է միջուկային զենք ունենա: Բայց միևնույն է՝ մենք կբացենք նեղուցը։ Մի՛ մոռացեք, որ մենք չենք օգտվում այդ նեղուցից, այլ երկրներ են օգտագործում այն», - հայտարարել է Թրամփը:
Իրանի խորհրդարանի խոսնակն էլ հայտարարել է, որ Թեհրանը բարի մտադրություններ ունի, սակայն չի վստահում ԱՄՆ-ին: «Ամերիկացիների հետ բանակցությունների մեր փորձը միշտ ձախողվել է, և տրված խոստումները խախտվել են»,- ասել է նա՝ հավելելով, որ ԱՄՆ-ն պետք է ընդունի Իրանի իրավունքները, եթե ցանկանում է գործարք կնքել:
Իրանի արտգործնախարարը ևս հայտարարել է՝ Թեհրանը բանակցությունների է գնում Վաշինգտոնի նկատմամբ զրո վստահությամբ: Ըստ իրանական Mehr գործակալության՝ Աբբաս Արաղչին ասել է, որ ամեն ինչ կանեն «Իրանի ժողովրդի շահերն ու իրավունքները պաշտպանելու համար»:
Պակիստանի արտգործնախարարը հույս է հայտնել, որ Իրանը և ԱՄՆ-ն «կառուցողաբար կմասնակցեն բանակցություններին», և վերահաստատել է՝ Իսլամաբադը կշարունակի աջակցել կողմերին՝ հակամարտության կայուն և տևական լուծման հասնելու համար։ Պակիստանը ևս համարում է, որ Լիբանանում հրադադարի հարցը պետք է ներառվի բանակցություններում։
Ու մինչ Վաշինգտոնն ու Թեհրանը փորձում են խաղաղություն հաստատել, Իսրայելը շարունակել է հարվածել Լիբանանին՝ պնդելով, որ թիրախավորում է Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա»-ի ենթակառուցվածքները: «Հեզբոլա»-ն ևս պատասխան հարվածներ է հասցրել: Կան զոհեր և վիրավորներ:
Իսրայելը համաձայնել է հաջորդ շաբաթ Վաշինգտոնում Լիբանանի ներկայացուցիչների հետ բանակցել խաղաղության շուրջ: ԱՄՆ-ում Իսրայելի դեսպանը, սակայն, պնդել է, որ «Հեզբոլա»-ն չպետք է մասնակցի դրանց:
«Իսրայելը հրաժարվել է քննարկել հրադադարի հարցը «Հեզբոլա» ահաբեկչական կազմակերպության հետ, որը շարունակում է հարձակվել Իսրայելի վրա և երկու երկրների միջև խաղաղության հիմնական խոչընդոտն է», - ասել է դեսպան Յեխիել Լեյթերը;
Թե՛ Իրանում, թե՛ Լիբանանում մեծ հույսեր չեն կապում ինչպես այսօրվա, այնպես էլ հաջորդ շաբաթ նախատեսված բանակցություններից:
«Իմ կարծիքով՝ այս բանակցությունները նպատակ ունեն ԱՄՆ ուժերին հնարավորություն տալ շունչ առնել։ Նրանք 30-40 ինքնաթիռ և սարքավորումներ են բերել։ Ինչպես նախկինում, նրանք ուզում են խաբել մեզ, որպեսզի կարողանան կրկին հարձակվել», - ասում է Թեհրանի բնակիչ Ֆրեյդոն Ղորբանին:
«Հաշվի առնելով, որ ԱՄՆ-ն միշտ թշնամական դիրքորոշում է ցուցաբերել, կարելի է ասել, որ չենք կարող շատ լավատես լինել այս բանակցությունների նկատմամբ, և ԱՄՆ-ն կարող է հետագայում ևս սադրանքի գնալ», - նշում է Իրանի մայրաքաղաքի բնակչուհի Ֆաթեմե Զանգանեն:
«Կարծում եմ՝ Իսրայելը Լիբանանը որպես պատրվակ է օգտագործում։ Եթե ԱՄՆ-ն ազնիվ լինի բանակցություններում, ապա Լիբանանը դրանց մաս կկազմի։ Այլապես նրանք գիտեն, որ Իրանը ոչ մի դեպքում չի համաձայնի։ Այսինքն՝ եթե նրանք չընդունեն, մեզ մեկ այլ պատերազմ է սպասվում», - վստահ է լիբանանցի Ալի Հելբավին: