Ամերիկյան զինուժն առնվազն ինը Boeing Stratotanker KC-135 լիցքավորող ինքնաթիռ և երեք Osprey կոնվերտոպլան է դուրս բերել Մեծ Բրիտանիայի Միլդենհոլ ռազմաօդային բազայից, հայտնում է BBC Verify-ը՝ հղում անելով թռիչքներին իրական ժամանակում հետևող Flightradar24 ծառայությանը:
Ինքնաթիռները տեղափոխվել են Գերմանիայի արևմուտքում գտնվող Շպանգդալեն և Ռամշտայն ավիաբազաներ, ինչպես նաև Իսպանիայի հարավում գտնվող Մորոն ավիաբազա: Դրանցից մի քանիսը վայրէջք են կատարել Շոտլանդիայի «Պրեստվիկ» օդանավակայանում:
Ամերիկյան Wall Street Journal-ը գրում է, որ ինքնաթիռները Միլդենհոլից դուրս են բերվել Իրանի կողմից դիվերսիայի սպառնալիքի պատճառով, սակայն BBC-ն դեռևս չի կարողացել անկախ կերպով հաստատել այս տեղեկատվությունը։
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության խոսնակը BBC-ին ասել է. «Մենք սովորաբար չենք մեկնաբանում այլ երկրների գործունեությունը։ Ինքնաթիռները և այլ ակտիվները պարբերաբար տեղափոխվում են գործառնական պահանջներին համապատասխան»։
ԱՄՆ ռազմաօդային ուժերի խոսնակն էլ ասել է, որ ամերիկյան զինուժի ինքնաթիռները «տեղաշարժվում են բազաների և վայրերի միջև տարբեր պատճառներով, այդ թվում՝ մարզումների և գործառնական կարիքների համար»։
«Գործառնական անվտանգությունն ապահովելու համար մենք չենք հրապարակի ռազմական տեխնիկայի տեղաշարժի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ», - ասել է նա:
Մեծ Բրիտանիայի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական լորդ Ռիքեթսը BBC-ին ասել է, որ խոսքն ավիաբազայի մասին է, որը խոցելի է: «Դրանք ակնհայտորեն մեծ թիրախներ են, և ավիաբազան ունի երկար պարագիծ, ուստի այն անխուսափելիորեն խոցելի է»,- ասել է նա:
Այս տարվա հոկտեմբերին էլ ԱՄՆ-ն իր բոլոր ռմբակոծիչները դուրս էր բերել բրիտանական Ֆեյրֆորդի ռազմաբազայից, երբ բազային մոտ գտնվող տարածքում պայթուցիկներով ֆուրգոններ էին հայտնաբերվել: Բրիտանական ոստիկանությունը հետո հինգ մարդ էր ձերբակալել: ԱՄՆ նախագահ Թրամփն ասել էր, որ ամերիկյան կործանիչները Ֆեյրֆորդի ռազմաբազայից տեղափոխվել են «սպառնալիքի» պատճառով: Ինքնաթիռները վերադարձել էին ԱՄՆ:
Մեծ Բրիտանիան Իրանին էր մեղադրել հարձակումը կազմակերպելու համար: Իրանը, սակայն, բազմիցս հերքել է իր մասնակցությունը:
Այսօր էլ ԱՄՆ Արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ մեղադրանքներ է առաջադրել Իրանի աջակցությունը ստացող երեք անձի, որոնք մեղադրվում են ԱՄՆ-ում և Եվրոպայի տարածքում մի շարք դավադրությունների մասնակցելու մեջ։ Ըստ նախարարության՝ նրանք ներգրավված են եղել նաև Ֆեյրֆորդի հարձակման պլանավորմանը: