Մատչելիության հղումներ

«Ամերիկայի գործն է որոշել՝ գործել անկախ ճնշումներից և կործանարար ազդեցություններից». Բաղայի

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի Վաշինգտոն այցին ընդառաջ Իրանը նախազգուշացնում է դիվանագիտության վրա «կործանարար» ազդեցության մասին։ Ակնկալվում է, որ Վաշինգտոնում քննարկումների կենտրոնում կլինեն Թեհրանի հետ ԱՄՆ բանակցությունները։

«Մեր բանակցող կողմը Ամերիկան է։ Ամերիկայի գործն է որոշել՝ գործել անկախ այս ճնշումներից և կործանարար ազդեցություններից, որոնք վնասում են տարածաշրջանին», - ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային՝ հավելելով, որ
սիոնիստական ռեժիմը բազմիցս ցույց է տվել, որ դեմ է տարածաշրջանում ցանկացած դիվանագիտական գործընթացի, որը հանգեցնում է խաղաղության։

Թեհրանն ու Վաշինգտոնը ուրբաթ օրը Մուսկատում վերսկսել են բանակցությունները։ Նախորդող բանակցությունները տապալվել էին անցած հունիսին Իսրայելի աննախադեպ ռմբակոծությունից հետո, որը հանգեցրել էր 12-օրյա պատերազմի։

«Հունիսյան փորձը շատ վատն էր։ Ուստի, հաշվի առնելով այն, մենք վճռական ենք դիվանագիտության միջոցով ապահովել Իրանի ազգային շահերը», - ասել է Իրանի արտաքին գերատեսչության խոսնակը՝ պնդելով՝ Իրանի ուշադրությունը կմնա միջուկային հարցի վրա՝ պատժամիջոցների մեղմացման դիմաց։

Թեհրանը բազմիցս հայտարարել է, որ մերժում է ցանկացած բանակցություն, որը դուրս կգա այդ թեմայի շրջանակներից։

Անցած շաբաթվա վերջին Նեթանյահուի գրասենյակը հայտարարություն էր տարածել, ըստ որի Իսրայելի վարչապետը կարծում է, որ ցանկացած բանակցություն պետք է ներառի բալիստիկ հրթիռների սահմանափակումներ:


XS
SM
MD
LG