ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհ է երկամսյա պատերազմը կարգավորելու Իրանի վերջին առաջարկից, Reuters-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ամերիկացի մի պաշտոնյա։
Ավելի վաղ ամերիկյան Axios-ը հղում անելով իր աղբյուրներին՝ հաղորդեց, որ Իրանը պակիստանցի միջնորդների միջոցով ամերիկյան կողմին Հորմուզի նեղուցը վերաբացելու և փետրվարի 28-ին սկիզբ առած պատերազմն ավարտելու առաջարկ է փոխանցել: Ըստ Axios-ը՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններն էլ առաջարկվում է հետաձգել ավելի ուշ փուլի:
Դա, ամենայն հավանականությամբ, չի բավարարի Միացյալ Նահանգներին, որը պնդում է, որ միջուկային հարցերը պետք է քննարկվեն հենց սկզբից, և հենց այդ պատճառով Դոնալդ Թրամփը դժգոհ էր Իրանի առաջարկից, անանուն մնալու պայմանով՝ ասել է ամերիկացի պաշտոնյան:
Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիթը նախօրեին հաստատել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 27-ին իր անվտանգության ավագ օգնականների հետ քննարկել է երկամսյա պատերազմը կարգավորելու Իրանի նոր առաջարկը։
«Միայն այն պատճառով, որ դրա մասին հաղորդվել է, ես կհաստատեմ, որ նախագահն այսօր առավոտյան հանդիպել է իր ազգային անվտանգության թիմի հետ», - Վաշինգտոնում լրագրողներին ասել է Լևիթը՝ հավելելով, որ հանդիպումը «հնարավոր է շարունակվի»։
«Իրանի վերաբերյալ նախագահի կարմիր գծերը շատ հստակ են ասվել և ոչ միայն ամերիկյան հանրության համար», - ասել է Սպիտակ տան խոսնակը՝ առանց այլ մանրամասների:
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նույնպես հաստատել էր Fox News-ին, որ Վաշինգտոնը ստացել է նոր առաջարկը։ Նա նշել է, որ իր կարծիքով Իրանի ղեկավարությունը «լրջորեն է տրամադրված» խաղաղության համաձայնագիր կնքելու հարցում՝ մեծ տնտեսական ճնշման և արդյունաբերական ու ռազմական կարողությունների պակասի պայմաններում։
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին օրերս այցելել էր Օման, իսկ երկուշաբթի օրը՝ Ռուսաստան, որտեղ հանդիպել է նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և ստացել իր վաղեմի դաշնակցի աջակցության խոսքերը։