Շարունակում ենք ուշադիր հետևել Հայաստանի գործողություններին ՀԱՊԿ-ի շրջանակներում իրենց պարտավորությունների կատարման հարցում, TASS-ի հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
Նա ընդգծել է, որ ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության համատեքստում ամենակարևորը՝ «և դա բազմիցս ընդգծել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, այն է, որ Երևանը մնում է միավորման լիիրավ անդամ»։
«Մենք չենք թողնում Հայաստանին դաշնակցային համագործակցությունից դուրս՝ պահպանելով նրա իրավունքը՝ միանալու Կազմակերպության շրջանակներում մշակվող բոլոր որոշումներին։ Միևնույն ժամանակ, մենք շարունակում ենք ուշադիր հետևել մեր գործընկերների գործողություններին արևմտյան երկրների հետ հարաբերություններում, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում իրենց պարտավորությունների կատարման հարցում», - նշել է Գալուզինը։
Հայաստանը 2024-ին հայտարարել է, որ սառեցնում է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի միջոցառումներին, հրաժարվել է իր բաժին ֆինանսավորումը հատկացնել այդ կառույցին, տևական ժամանակ չի մասնակցում համատեղ զորավարժություններին, հանդիպումներին, բայց պաշտոնապես չի դիմել ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց սկսելու համար։ Երևանը խստորեն քննադատում է ՀԱՊԿ-ին հատկապես 2022 թվականին Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական ուժերի ներխուժումից հետո, երբ այդ կառույցը ոչ միայն չպաշտպանեց իր անդամին, այլև նույնիսկ պատշաճ չարձագանքեց Ադրբեջանի ագրեսիային։