Մատչելիության հղումներ

«Ամեն ինչ անում ենք, որ այդպես չլինի». նախարարը՝ պատերազմի մասին Փաշինյանի զգուշացման վերաբերյալ

Արխիվ
Արխիվ

Իշխող կուսակցությունը երեկ վարչության նիստում քննարկել է նոր Սահմանադրության հարցը: Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի փոխանցմամբ՝ մասնավորապես, թե երբ կյանքի կկոչեն իրենց հանձնառությունը, որը ստանձնել են նաև նախընտրական գործընթացի շրջանակներում, և թե երբ կհրապարակեն Սահմանադրության տեքստը:

Գալյանը, որը համակարգում է նոր Սահմանադրության տեքստի մշակումը, այսօր էլ չհստակեցրեց, թե երբ կհրապարակվի նախագիծը։

«Առաջիկայում ամբողջացնելուց հետո կորոշենք՝ պատրաստ ենք հրապարակել, թե ոչ»,- ասաց Գալյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անցած քարոզարշավի ընթացքում պարբերաբար զգուշացնում էր՝ «սեպտեմբերին լինելու է աղետաբեր պատերազմ», եթե իր ղեկավարած ՔՊ-ն չստանա սահմանադրական մեծամասնություն։ ՔՊ-ն հունիսի 7-ի ընտրություններում այդպես էլ չստացավ սահմանադրական մեծամասնություն, ինչը անհրաժեշտ է նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու որոշման ընդունման համար։

Հետևաբար, լրագրողներն այսօր Արդարադատության նախարարից հարցրեցին, թե արդյոք Փաշինյանի ասածը ենթադրում է, որ հիմա պետք է պատրաստվել պատերազմի։

Ի պատասխան՝ Արդարադատության նախարարն ասաց, թե «ամեն ինչ անում են, որ այդպես չլինի»։

Իսկ թե ինչ են անելու կոնկրետ նոր Սահմանադրության ընդունման հետ կապված՝ հաշվի առնելով, որ այն չեն կարող կյանքի կոչել, քանի որ իշխող ուժը չունի սահմանադրական մեծամասնություն, ապա Սրբուհի Գալյանն ասաց՝ ՔՊ-ն հիմա էլ չունի մեծամասնություն, և «ժամանակը ցույց կտա, թե ինչ կլինի»։

«Մենք մեր աշխատանքը կկատարենք, հանրային պահանջի մեծությունը կչափենք։ Կչափեն նաև մեր ընդդիմադիր գործընկերները, եթե որոշեն մանդատները վերցնել, կչափեն նաև հանրային պահանջը իրենք, և մենք բոլորս կկայացնենք համապատասխան որոշում»։

Հարցին, թե արդյոք կա ընթացակարգ, որը հնարավորություն կտա շրջացնել խորհրդարանում Սահմանադրության նախագիծը քվերակության դնելու պահանջը, Սրբուհի Գալյանն ասաց.

«Իրականում 2/3-ի պահանջը սահմանված է Սահմանադրությամբ, բայց հանրաքվեի իրավունքն էլ անմիջական իրավունքն է, որը ժողովուրդն ունի»:

Թե դա ինչ է նշանակում՝ նախարարը հրաժարավեց մեկնաբանել, նշելով, որ կլսեն նաև մասնագիտական մի շարք կարծիքներ, բայց հիմա իրենց համար որպես նոր Սահամանդրություն ունենալու հանձանառություն ստանձնած քաղաքական ուժ՝ ամենակարևորը քաղաքացիների հետ երկխոսությունը սկսելն է:


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG