Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը եթե մեկուկես ամիս առաջ վստահ էր՝ Սահմանադրության նոր նախագիծը մարտին կհրապարակվի, այսօր արդեն հրաժարվում էր կոնկրետ ժամկետ նշել:
«Հրապարակման մասով չեմ կարող ինքս որոշումներ կայացնել և ձեզ տեղեկություններ հայտնել, որովհետև դա կոլեգիալ որոշում է լինելու», - լրագրողներին ասաց նա:
Նախարարը, որ նաև սահմանադրական բարեփոխումների խորհուրդն է ղեկավարում, վստահեցրեց, թե նախագիծը պատրաստ է, իշխող կուսակցության վարչությանն է փոխանցել: Քննարկվում է, իսկ հրապարակելու որոշումը կառավարությանն է. «Քաղաքական նախաձեռնությունը նոր Սահմանադրություն ունենալու կառավարությանն է»:
«Քաղաքացիական պայմանագրում» քննարկո՞ւմ են տեքստը՝ երեք օր առաջ Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն ասաց՝ խառը քննարկումներ են, պաշտոնական չեն:
Նոր Սահմանադրության գլխավոր ինտրիգը նախաբանն է: Հայաստանի անկախության հռչակագրին հղումը թողե՞լ են, թե՞ հանել են: Բաքուն է պահանջում, որ հղումը ջնջեն Հայաստանի մայր օրենքից: Այնտեղ հիշատակվում է Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միավորման մասին, Բաքվից պնդում են, թե դա տարածքային նկրտում է Ադրբեջանի նկատմամբ: Փաշինյանը, որ հերքում է Բաքվի պահանջով Սահմանադրություն փոխելու պնդումները, մեկ ամիս առաջ ուղիղ հայտարարեց, դեմ է, որ հղումը լինի: Ըստ վարչապետի՝ Անկախության հռչակագիրը կոնֆլիկտածին է:
Եթե նախագիծը պատրաստ է, ինչո՞ւ չեն հանրային դարձնում, որ բոլորը տեսնեն՝ ինչ է փոխվել, հարցին արդարադատության նախարարը պատասխանեց. «Դեռ հրապարակման համար պատրաստ չէ»:
Իսկ հարցերին, թե նոր նախագծում նախաբանը պատրա՞ստ է, Անկախության հռչակագրին հղում կա՞, Սրբուհի Գալյանն ուղիղ չպատասխանեց. «Նախաբանի մի քանի տարբերակներ կան: Տեքստը դեռ հրապարակված չէ: Երբ հրապարակվի, ինքներդ կտեսնեք: Ինտրիգ չկա ընդհանրապես, ես ասում եմ այն, ինչ ուզում եմ»:
Թեև նախարարը վստահեցնում է, թե տեքստը պատրաստ է, այդ նախագիծը քննարկումների համար ստեղծված սահմանադրական բարեփոխումների խորհրդում աշխատանքը դեռ չեն ավարտել: Վերջին երեք շաբաթվա ընթացքում նիստ էլ չի եղել: Խորհրդի անդամներից իրավապաշտպան Արթուր Սաքունցն օրեր առաջ «Ազատությանն» ասել էր, թե այդ քննարկումները երեք ամիս դեռ շարունակվելու են: Մի շարք հարցերի, այդ թվում՝ հռչակագրին դեռ չեն հասել: Սաքունցը պնդել էր, թե հռչակագրի հարցն էլ են անպայման խորհրդում քննարկելու: