Մատչելիության հղումներ

Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի 50 հանքափորների գործադուլը շարունակվում է արդեն երկու շաբաթ

Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը, արխիվ
Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը, արխիվ

Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի 50 հանքափորներն արդեն 14 օր է՝ գործադուլի մեջ են, ղեկավարությունը չի ընդառաջում աշխատավարձը բարձրացնելու նրանց պահանջին։

Մինչ այդ, ըստ հանքափորների, գործադուլավորների փոխարեն Ախթալա են ժամանել Հնդկաստանի շուրջ 20 քաղաքացիներ, օրեր անց՝ հեռացել քաղաքից:
Արդյո՞ք նրանք չեն ընդունել աշխատանքային պայմանները, թե՞ ընկերությունը հորատողի աշխատանքին համապատասխան թեկնածու չի գտել, «Ազատության» ստացած տեղեկություններն իրարամերժ են:

Հանքափորների գործադուլը համակարգող Սասուն Վարդումյանն ասում է՝ հնդիկները չեն դիմացել պայմաններին, գնացել են:

«Տեսնելով աշխատանքը, աշխատանքի ծավալները, աշխատանքի վայրը՝ չեն հարմարվել տվյալ աշխատանքին և հետ են վերադարձել Երևան: Աշխատանքի մեջ փորձել են ներգրավել նաև մոտ 6 հոգի Վարդենիս քաղաքից եկած հանքափորների, որոնք նույնպես տեղում իմանալով ստեղծված իրավիճակը, տղաների գործադուլի պատճառը՝ նույնպես, եթե չեմ շփոթվում, այսօր առավոտյան կամ երեկ երեկոյան հետ են գնացել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Վարդումյանը:

Տեղի հյուրատներից մեկը հաստատեց, որ հնդիկների 15-հոգանոց խումբը մոտ մեկ շաբաթ մնալուց հետո երեկ լքել է հյուրատունը:

Ընկերության պաշտոնյաներից մեկը, որ չցանկացավ ներկայանալ, նույնպես հաստատեց՝ աշխատանքի ընդունելու իրենց հայտարարությանն արձագանքողներ եղել են: Բայց ասաց՝ Ախթալա եկած հնդիկները չեն ունեցել համապատասխան հմտություններ և հորատողի որակավորում, իսկ այս փուլում նրանց վերապատրաստելու ժամանակ և ռեսուրս կոմբինատը չունի:

Այդ դեպքում որքա՞ն կշարունակվի այս իրավիճակը Ախթալայի հանքում, որտեղ 50 հանքափորներ արդեն երկու շաբաթ աշխատավարձի բարձրացում են պահանջում և գործի չեն գնում: Նրանք օրեր առաջ «Ազատությանն» ասել էին՝ հանքախորշեր չեն մտնի, եթե ղեկավարությունը չբարձրացնի իրենց աշխատավարձը.

«Մենք ուզում ենք ընդամենը մեր աշխատավարձը վերանայեն, 20 տոկոս բարձրացում ենք ուզում», - «Ազատությանն» ասաց գործադուլավորներից մեկը:

«Իրանց կողմից ոչ մի պատասխան չի եկել, որ էսքան չենք կարող, էսքան կարանք, իրանք մի դրամ անգամ պատրաստ չեն բարձրացնելու», - ընդգծեց մյուսը:

Ախթալայի լեռնահարստացման կոմբինատն աշխատակիցներին վարձատրում է ըստ նրանց կատարած աշխատանքի՝ գործարքային: Հանքափորները մատնանշում են միջազգային բորսայում պղնձի գների աճն ու շեշտում իրենց անհամեմատ ցածր վարձատրությունը: Օրերս «Ազատության» հետ զրույցում ասել էին՝ իրենց բազմաթիվ գործընկերներ թողնում են այստեղ տունուտեղ և հարյուրավոր կիլոմետրեր հեռու՝ Սյունիքում հանքափորի աշխատանք գտնում. - «Հա, գնացել են՝ գումարի պատճառով, որովհետև էնտեղ լավ են վարձատրում, ամեն պայմանները լավն ա, քան ստեղ»:

Գործադուլը համակարգող Սասուն Վարդումյանի հետ օրեր առաջ տնօրինությունը հանդիպել, բայց նաև նրա առաջարկած փուլային լուծման տարբերակին չի համաձայնել:

«Ես առաջարկել եմ հետևյալը՝ որ բերեք էս աշխատավարձի բարձրացման խնդիրը լուծենք փուլ առ փուլ: Այսինքն՝ մարդիկ պահանջում են 20 տոկոս աշխատավարձի բարձրացում, բերեք 10 տոկոս աշխատավարձի բարձրացումը պայմանավորվենք կատարենք մինչև տարվա կես՝ մինչև հունիս ամիս, մյուս 10 տոկոսը՝ մինչև տարվա վերջ: Աշխատողները համաձայն են այս տարբերակին, բայց էն ժամանակ, երբ ես հանդիպեցի տնօրենի հետ, ես առաջարկեցի, ինքը մերժեց», - պատմեց Վարդումյանը:

Որքա՞ն կդիմանա կոմբինատն առանց հիմնական աշխատուժի, և ո՞վ կգնա առաջին զիջման: Բանակցություններն այս պահին փակուղում են, իսկ աշխատակիցները տնօրինության կողմից ընդառաջ գնալու որևէ ազդակ չեն տեսնում: Այսօրվա դրությամբ դեռ հանքախորշերից հանքաքար դուրս է գալիս, լեռնահարստացման ֆաբրիկան աշխատում է, բայց թե որքան կհերիքի հումքը առանց նոր հորատումների, հայտնի չէ: Բոլոր 50 հորատող բանվորները գործադուլի մեջ են:

Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը 1000 խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված ընկերություն է, որտեղ 500 մարդ է աշխատում:


XS
SM
MD
LG