Ախթալայի հանքարդյունաբերական ընկերության հանքափորները հրաժարվում են դադարեցնել գործադուլը, քանի դեռ ղեկավարությունը որևէ ընդառաջ քայլի չի գնում: Արդեն տասն օր աշխատակիցները հանքախորշեր չեն մտնում. աշխատավարձի բարձրացման նրանց պահանջն անպատասխան է:
«Իրենք մի դրամ անգամ պատրաստ չեն բարձրացնելու», «Կաթիլի նման հավաքվելով եկել, հասունացել է այս պահը, շատ խնդիրներ ունենք», «Մենք ուզում ենք աշխատավարձը վերանայեն, 20 տոկոս բարձացում ենք ուզում», «Եթե շեշտեն, որ հինգ ամիս հետո կբարձրացնեն, մենք էլի պատրաստ ենք աշխատել»,- «Ազատության» հետ զրույցում ասում են հանքարդյունաբերական ընկերության աշխատակիցները:
Գործադուլավորներն այսօր ոչ միայն ցածր աշխատավարձի մասին են խոսում: Շան տանջանք են անվանում աշխատանքը, որ անում են ամեն օր՝ կիլոմետրերի խորությամբ՝ գետնի տակ, առանց օդափոխության համակարգի ու անվտանգության նվազագույն պայմանների:
Հանքափորների պնդմամբ՝ հաճախ իրենց ուսերին են ընկնում նաև այնպիսի պարտականություններ, որոնց մասին խոսք անգամ չկա աշխատանքային պայմանագրերում: Գործն անում են՝ առանց հավելյալ վարձատրության:
«Ինչ-որ մեր պայմանագրերում գրված է, մենակ դա չենք անում, այլ աշխատանքներ էլ ենք անում: Կան աշխատանքներ, որ իրավունք էլ չունենք անելու: Հանքի պայմանների մասին ընդհանրապես խոսելու կարիք չկա, որովհետև պայման էլ չկա», - ասում է աշխատակիցներից մեկը:
Ընկերության ղեկավարներն այսօր հրաժարվեցին հանդիպել լրագրողներին՝ պատճառաբանելով զբաղվածությունը: Այսօր առավոտյան տնօրեն Վիլեն Հակոբյանի հետ հանդիպել էր Ախթալայի բնակիչ Սասուն Վարդունյանը, որ ԼՀԿ արհմիության ղեկավարն էր տարիներ շարունակ: Հենց նրա աջակցությամբ են լեռնահարստացման կոմբինատում պարբերաբար բողոքել հանքի աշխատանքային վատ պայմաններից, անվտանգության ու նաև ցածր աշխատավարձի հետ կապված խնդիրներից: Բայց այսօր նա էլ տնօրենից հանքափորներին հուսադրող խոսումներ չէր լսել:
«Պարոն Հակոբյանն իր փաստարկներն ունի, որ պղնձի շուկայում գների բարձրացում եղել են, սակայն, հիմնարկությունն ունի բավականին մեծ պարտավորություններ, այլ ծախսեր: Կոնկրետ ժամանակահատված չի կարողանում նշել, թե երբ կարող է այդ աշխատավարձերը բարձրացնել», - ասաց Ախթալայի բնակիչ Սասուն Վարդումյանը:
Վարդումյանի տվյալներով՝ անցած 5 տարիներին Ախթալայից առնվազն 500 բնակիչ է հեռացել զուտ աշխատատեղ չլինելու պատճառով: Ինչու՞ հանքարդյունաբերական կենտրոն համարվող Ախթալայից արտագաղթ կա՝ երկրի ղեկավարները երբևէ այդ մասին չեն խոսել, շեշտում է Վարդումյանը և ընդգծում.- «2019 թվականին Ախթալա քաղաքի փաստացի բնակչությունը եղել է 2300, հիմա այդ թիվը հասել է 1800-ի: Մեր երիտասարդությունը դատարկվում է, եթե այս տեմպերով գնա, քաղաքում մարդ չի մնա»:
Երկու օր առաջ ընկերությունը գործադուլի մեջ գտնվող աշխատակիցներին աշխատանքից ազատելու ծանուցումներ է ուղարկել և նոր աշխատողներ ընդունելու հայտարարություն տարածել իրենց կայքերում: Մինչդեռ գործադուլ հայտարարած լեռնագործներն ասում են՝ գործի չեն գնա, մինչև իրենց պահանջները չբավարարվեն. «Անքան ենք սպասելու, մինչև մեր գումարն ավելացնեն»,- ասում են նրանք: