Մատչելիության հղումներ

Հայամետ սենատորը հրաժարական է տվել սկանդալի պատճառով


Ամերիկացի սենատոր, հանրապետական Ջոն Էնսայնը հայտարարել է իր հրաժարականի մասին` կապված միաժամանակ սեռական բնույթի եւ կոռուպցիոն սկանդալի հետ:

Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` Էնսայնը դեռ 2009 թվականի հունիսին խոստովանել էր, որ արտաամուսնական կապի մեջ է եղել Սինթիա Հեմփթոնի հետ եւ օգնել է նրա ամուսնուն` իր օգնական Դագլաս Հեմփթոնին, լոբբիստական աշխատանքի պատվեր ստանալ Նեւադայի երկու ընկերություններից:

Սենատի էթիկայի հանձնաժողովը ներկայումս ուսումնասիրում է այդ գործը` չնայած Արդարադատության դեպարտամենտը եւ Դաշնային ընտրական հանձնաժողովը քննություն անցկացնելուց հետո կարճել էին այն:

Սենատում 11 տարի Նեւադան ներկայացրած Էնսայնը համոզմունք է հայտնել, որ չի խախտել որեւէ օրենք կամ սենատորի վարքագծի կանոն, սակայն ընդգծել է, որ այլեւս չի ցանկանում իր ընտանիքը եւ համակիրներին պահել Սենատի էթիկայի հանձնաժողովի սեւեռուն ուշադրության կենտրոնում, այդ իսկ պատճառով հրաժարական է տալիս եւ չի առաջադրվելու Սենատում իր տեղի համար հաջորդ տարի անցկացվելիք ընտրություններում:

Ջոն Էնսայնը Սենատում բազմիցս հանդես է եկել հայանպաստ նախաձեռնություններով կամ միացել է դրանց: Մասնավորապես, նա համահեղինակել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւերի նախագծեր, այլ սենատորների հետ Միացյալ Նահանգների նախագահին է դիմել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչերով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG