Մատչելիության հղումներ

Հայ համայնքը երախտագիտություն է հայտնում Արգենտինայի արդարադատությանը


Արգենտինահայ համայնքը իր գոհունակությունն ու երախտագիտությունն է հայտնել Արգենտինայի արդարադատությանը` նկատի ունենալով անցած ուրբաթ օրը հրապարակված վերջնական որոշումը, որով 12 տարվա հետաքննությունից հետո դատարանը եզրակացրել է, որ թուրքական պետությունը 1915-23 թվականներին հայ ժողովրդի դեմ ցեղասպանություն է իրականացրել:

Բուենոս Այրեսում` Հայ Առաքելական եկեղեցու «Սիրանուշ» սրահում չորեքշաբթի օրը տեղի ունեցած բազմամարդ հանդիսության ժամանակ դատավոր Նորբերտո Օյարբիդեն ընթերցեց դատական որոշման տեքստը` արժանանալով ներկաների ծափահարություններին:

Օյարբիդեն ասաց, որ դատական որոշումը հիմնված է Գերմանիայում, Բելգիայում, Վատիկանում եւ այլ երկրներում պահվող արխիվային փաստաթղթերի վրա:

Հանդիսությանը ներկա էր մոտ հազար մարդ, այդ թվում` Արգենտինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը, օտարերկրյա դիվանագետներ, հոգեւորականներ, իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Համայնքի կողմից ելույթ ունեցավ առաջնորդ սրբազան Գիսակ Մուրադյանը:

Հանդիսության ժամանակ ընթերցվեց Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես Կիրշների զորակցության նամակը, ուր ընդգծվում էր, որ որոշումը նախադեպ չունեցող պատմական իրադարձություն է:


Դիեգո Կարամանուկյան, Բուենոս Այրես

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG