Ուկրաինայի նախագահը դժգոh է, որ ԱՄՆ-ն խաղաղության բանակցություններում բավարար ճնշում չի գործադրում Ռուսաստանի վրա՝ ստիպելու զիջումների գնալ հակամարտության կարգավորման հարցում: BBC-ին տված հարցազրույցում Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ-ին մեղադրել է նաև Patriot համակարգի հրթիռների մատակարարումը ձգձգելու համար: Դրա հետևանքով, նրա խոսքով, ամեն օր ուկրաինացիներ են սպանվում ռուսական հարվածներից:
«Այս իրավիճակում նրանք պետք է ճնշում գործադրեն։ Իսկ իրավիճակն այն է, որ Ռուսաստանն է ագրեսորը։ Հենց այդ պատճառով էլ նրանք պետք է դա անեն։ Հենց դրա համար են նրանք միջնորդ … Խոսքը հզոր երկրի մասին է, որը կարող է ճնշում գործադրել, քանի որ ունի ուժ և հեղինակություն»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Զելենսկին Պուտինին համեմատել է Հիտլերի հետ
Անցած շաբաթ Չինաստանում Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ հանդիպմանը ԱՄՆ նախագահը նրան իր ընկերն էր անվանել: Օրեր անց էլ Դոնալդ Թրամփը սոցցանցում հրապարակել էր այդ հանդիպումից իրենց լուսանկարը և կից գրել՝ «իմ ընկերը»: Զելենսկին ասել է, թե իր համար տարօրինակ է, որ ԱՄՆ նախագահը կարող է ընկեր անվանել մեկին, ով հազարավոր մարդկանց մահվան պատճառն է:
«Իհարկե, դա ԱՄՆ նախագահի որոշելիքն է, բայց տարօրինակ է: Պուտինն ագրեսոր է և մարդասպան ... Նա չի կարող ընկեր լինել։ Պարզապես չի կարող: Դա նույնն է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ինչ-որ մեկը հայտարարի, թե Հիտլերն իր լավ ընկերն է։ Ոչ։ Նա ընկեր չէ»,- ասել է Զելենսկին։
ԵՄ-ն չի համաձայնել բյուջեի նախագծի շուրջ
Ու մինչ Զելենսկին դժգոհում է ԱՄՆ-ից, Ուկրաինայի եվրոպացի դաշնակիցները երեկ չեն կարողացել համաձայնել հաջորդ յոթ տարվա բյուջեի նախագծի շուրջ: Եվրահանձնաժողովն առաջարկում է 2027-ին Ուկրաինային 45 միլիարդ եվրո հավելյալ օգնություն տրամադրել, ընդորում՝ 25-ը որպես ռազմական, իսկ 20-ը՝ ոչ ռազմական աջակցություն:
Ուկրաինային աջակցելուն կողմ է դաշինքի մեծ մասը: Սակայն չորսը՝ Հունգարիան, Սլովակիան, Բուլղարիան և Չեխիան, երեկ պահանջում էին հրաժարվել ուկրաինական փաթեթը համատեղ ֆինանսավորելուց՝ սպառնալով վետո կիրառել: Եվրոպական խորհրդի նախագահը հայտնել է, որ երեկվա քննարկման արդյունքում Բուլղարիան համաձայնել է աջակցել:
«Անդամ 24 պետություն աջակցել է այդ առաջարկին։ Դրանցից մեկը՝ Բուլղարիան, կմասնակցի միայն ոչ ռազմական բաղադրիչին՝ պայմանով, որ այն ուղղվի հիմնականում այն շրջաններին, որտեղ բնակվում են բուլղարացիները։ Այս հարցին կանդրադառնանք դեկտեմբերին»,- ասել է Անտոնիու Կոշտան։
ԵՄ ռազմավարությունը հստակ է
Եվրոպական հանձնաժողովի նախագահն էլ ասել է, որ Ուկրաինային աջակցելու հարցում ԵՄ ռազմավարությունը շատ հստակ է. պետք է տրամադրեն բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի երկիրը կարողանա ուժի դիրքերից բանակցել:
«Եվ դա սկսվում է կանխատեսելի ֆինանսական և ռազմական աջակցությունից։ Հենց դրա համար էլ անցած շաբաթ առաջարկեցինք Ուկրաինային համակարգված աջակցություն ցուցաբերելու մեխանիզմը։ Այն 2027-ին կապահովի 45 մլրդ եվրոյի ֆինանսավորում։ Ուրախ եմ, որ մեր առաջարկը լայն աջակցություն է ստացել»,- ասել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
Գերմանիայի կանցլերն էլ հույս է հայտնել, որ մինչև տարվա վերջ կհաջողվի համաձայնության գալ բյուջեի նախագծի շուրջ: Ըստ Ֆրիդրիխ Մերցի՝ մի բան, սակայն, հստակ է՝ ԵՄ-ն պետք է շարունակի Ուկրաինային աջակցել այնքան, որքան անհրաժեշտ է: