ԵՄ երկրները չեն համաձայնել հաջորդ բյուջեի շուրջ. գագաթնաժողովն ավարտվել է վաղաժամկետ

Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Քրիստին Լագարդը շփվում է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ ԵՄ հատուկ գագաթնաժողովից առաջ, 26-ը նոյեմբերի, 2026թ.
Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Քրիստին Լագարդը շփվում է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ ԵՄ հատուկ գագաթնաժողովից առաջ, 26-ը նոյեմբերի, 2026թ.

ԵՄ 2028-2034 թվականների բյուջեն քննարկելու նպատակով անդամ երկրների առաջնորդների երեկ մեկնարկած երկօրյա հատուկ գագաթնաժողովը հենց առաջին օրը վաղաժամկետ ավարտվել է. կողմերին չի հաջողվել համաձայնության գալ, հայտնում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:

«Մենք հասկանում ենք, որ այսօր երեկոյան արդյունքի չենք հասնի»,- հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Նրա խոսքով՝ ԵՄ երկրների առաջնորդների պատկերացումները յոթնամյա բյուջեի վերաբերյալ «դեռ էապես տարբերվում են»։ Միևնույն ժամանակ Գերմանիայի կառավարության ղեկավարը «չի կորցնում հույսը», որ համաձայնության կհաջողվի հասնել մինչև այս տարվա վերջ։

Գերմանական dpa գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ առաջնորդները որոշել են նոյեմբերի 27-ի առավոտյան չշարունակել բանակցությունները։ Փոխարենը՝ քննարկումների եզրափակիչ փուլն անցկացրել են երեկ ուշ երեկոյան։

Մերցը նշել է, որ բանակցությունները կվերսկսվեն դեկտեմբերի 17-18-ին կայանալիք գագաթնաժողովի ժամանակ։

Գերմանիան գլխավորում է բյուջեի ավելացմանը դեմ երկրների խումբը

Գագաթնաժողովի մեկնարկից առաջ Մերցը հանդիպել էր ԵՄ անդամ վեց այն երկրների առաջնորդների հետ, որոնք ավելի շատ գումար են վճարում ԵՄ բյուջե, քան ստանում են և դեմ են ծախսերի ավելացմանը։ Խոսքը Նիդեռլանդների, Ավստրիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի, Դանիայի և Բելգիայի մասին է։

Իսկ արդեն գագաթնաժողովի ընթացքում Գերմանիայի կանցլերը քննադատել է նաև նոյեմբերի 21-ին Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի առաջարկած՝ 1,78 տրիլիոն եվրոյի յոթնամյա բյուջեն։ Այդ գումարը շուրջ 204 միլիարդ եվրոյով պակաս է, քան Եվրահանձնաժողովի՝ 2025-ի ամռանը ներկայացրած առաջարկը։ Մերցի խոսքով՝ ծախսերը պետք է ավելի շատ կրճատվեն։

Գերմանիայի կառավարության ղեկավարը նաև դեմ է արտահայտվել ԵՄ մակարդակով փոխառու միջոցների հաշվին ֆինանսավորմանը, քանի որ 2028-2034 թվականներին միության անդամ երկրները պետք է ավելի քան 150 միլիարդ եվրոյի պարտքի տոկոսներ վճարեն։ Մերցի կարծիքով՝ պարտքի հետագա ավելացումը կարող է հանգեցնել նրան, որ ԵՄ-ն «կկորցնի իր գործունակությունը»։

Բացի դրանից՝ Գերմանիայի կանցլերը կոչ է արել ապահովել ծախսերի «արդար բաշխում» և պահանջել պահպանել բյուջետային զեղչերը, որոնց շնորհիվ ավելի շատ վճարող երկրները կարողանում են հետ ստանալ իրենց վճարումների մի մասը։ «Գերմանիան ապահովում է եվրոպական ամբողջ բյուջեի շուրջ մեկ քառորդը, սակայն այդ միջոցների միայն մոտ 8 տոկոսն է ուղղակիորեն վերադառնում մեզ»,- նշել է նա։

«Խնայող» երկրներից դեմ են Իտալիան, Ֆրանսիան և Լեհաստանը

Մերցի և ԵՄ բյուջեի կրճատման կողմնակից մյուս երկրների առաջնորդների դիրքորոշմանը, ի թիվս այլոց, համաձայն չեն Իտալիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի և Լեհաստանի ղեկավարները։ Նրանք, մասնավորապես, պահանջում են ավելի շատ միջոցներ հատկացնել տնտեսապես թույլ շրջաններին աջակցելուն և գյուղատնտեսության զարգացմանը։

«Մենք պատրաստ չենք ստորագրել մի բյուջե, որին ավելի շատ ենք հատկացնում, բայց ավելի քիչ ստանում»,- հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին։ Նրա կարծիքով՝ ֆինանսավորման շուրջ համաձայնության հասնելու համար «լուսային տարիներ» կպահանջվեն։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մերցի առաջարկած՝ բյուջեի հետագա կրճատումը «ռազմավարական սխալ» է որակել։ Միևնույն ժամանակ նա կոչ է արել ֆինանսավորման շուրջ համաձայնության հասնել մինչև տարեվերջ, քանի որ առաջիկա ամիսներին իր մասնակցությունը քննարկումներին կդժվարանա՝ Ֆրանսիայում ապրիլի 18-ին նշանակված նախագահական ընտրությունների պատճառով։

ԵՄ-ն պետք է աջակցի Ուկրաինային

Եվրամիության բյուջեի շուրջ բանակցություններից բացի՝ գագաթնաժողովում քննարկվել է նաև Ուկրաինային հետագա ֆինանսական օգնության տրամադրումը։ Մասնավորապես, խոսքը 2027-ին Կիևին լրացուցիչ 45 միլիարդ եվրոյի վարկ հատկացնելու մասին է։

Մերցի խոսքով՝ Ուկրաինային աջակցելը խնդիր է, որը ԵՄ երկրները պետք է միասին լուծեն։ Կանցլերն ընդգծել է, որ միությունը բաղկացած է «27 պետությունից, ոչ թե 23 կամ 24-ից»։ Այսպիսով, նա մատնանշել է, որ Չեխիան, Սլովակիան և Հունգարիան չեն մասնակցում 2026-2027 թվականներին Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկ տրամադրելուն, որի շուրջ ԵՄ-ն վերջնական համաձայնության էր եկել դեռևս ապրիլին։

​
XS
SM
MD
LG