Ուկրաինայի նախագահը դժգոհել է, որ ԱՄՆ-ն բանակցություններում բավարար ճնշում չի գործադրում Ռուսաստանի վրա։ Վլադիմիր Զելենսկին նաև դժգոհել է ԱՄՆ-ից՝ ասելով, որ ձգձգում են կենսական նշանակության հակաբալիստիկ հրթիռների մատակարարումն Ուկրաինային, ինչի արդյունքում ուկրաինացիներ են սպանվում:
BBC-ին տված հարցազրույցում Զելենսկին նաև «տարօրինակ» է որակել այն, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակել է լուսանկար, որտեղ գրկախառնված է Վլադիմիր Պուտինի հետ և նրան անվանում է «իմ ընկերը»։
«Իհարկե, դա Միացյալ Նահանգների նախագահի որոշելիքն է, բայց... տարօրինակ է»,- ասել է Զելենսկին: «Նա ագրեսոր է և մարդասպան... Նա չի կարող ընկեր լինել։ Պարզապես չի կարող»,- ասել է նա՝ հավելելով, որ դա նույնն է, ինչ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հայտարարել, թե ընկեր ես Ադոլֆ Հիտլերի հետ։
2025 թվականին Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում Թրամփի հետ ունեցած լարված հանդիպումից հետո Զելենսկին զգուշավոր է դարձել Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում։
Թրամփի երկու բանագնացներ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները փորձում են բանակցել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ՝ վերջ դնելու մարդկային մեծ կորուստներին։
Այս ամսվա սկզբին Աբու Դաբիում միջնորդությամբ անցկացված բանակցությունների վերջին փուլում ակնհայտ առաջընթաց չի գրանցվել։ «Որքան ավելի շատ բան ենք իմանում, այնքան ավելի շատ խնդիրներ են ի հայտ գալիս»,- այսպես է դրանք բնութագրել Զելենսկին՝ հայտնելով, որ բանակցությունները նախատեսվում է վերսկսել դեկտեմբերին։
ԱՄՆ նախագահը երեկ իր Truth Social սոցցանցում գրել էր, որ նախորդ շաբաթ Չինաստանում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը նրան հորդորել է «դադարեցնել ռազմական ագրեսիայի բոլոր դրսևորումները Եվրոպայի ողջ տարածքում»։ Նա նաև հայտարարել է, որ Ուկրաինայի հետ խաղաղության համաձայնագիրը համարում է «միանգամայն հավանական»։
«Սակայն Ռուսաստանի հրապարակային հայտարարություններից դատելով՝ Մոսկվան, ըստ էության, վերադարձել է բանակցային իր սկզբնական՝ կոշտ դիրքորոշումներին բոլոր հարցերի շուրջ»,- գրում է BBC-ին:
Զելենսկին նաև ասել է, որ հստակ չէ՝ արդյոք եվրոպացի բանակցողները կմասնակցեն բանակցություններին, ինչպես ավելի վաղ հայտարարել էին ԱՄՆ բանագնացները։
Ուկրաինայի նախագահը դաշնակիցներին կոչ է արել լինել «իրապես օգտակար» և ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ արդյունքի հասնելու համար։ Նա նաև հորդորել է ԱՄՆ-ին արդարացնել հզոր երկրի իր համբավը՝ դրսևորելով «ուժ և հարգանք»։ «Երբ փորձում ես շատ չեզոք դիրք զբաղեցնել ագրեսորի նկատմամբ... դա նշանակում է, որ աջակցում ես և՛ զոհերին, և՛ ագրեսորին։ Դա ճիշտ չէ»,- ասել է նա։
ԱՄՆ-ն պնդում է, որ չեզոք դիրք է զբաղեցնում՝ երկու կողմերի միջև խաղաղության այնպիսի համաձայնության հասնելու բարդ գործընթացում, որը կարող է երկարատև լինել։
BBC-ն նշում է, որ այս ընթացքում Կիևը դժվարությամբ է պաշտպանում իր օդային տարածքը։ «Օդային տագնապի ազդանշանները՝ թե՛ ցերեկը, թե՛ գիշերը, այժմ դարձել են առօրյա կյանքի հոգնեցուցիչ մասը։ Մինչ ռուսական բալիստիկ հրթիռները թիրախավորում են էլեկտրակայաններն ու կամուրջները, ռեակտիվ շարժիչներով անօդաչու թռչող սարքերն ամեն օր արձակվում են Կիևի կենտրոնի և մյուս խոշոր քաղաքների ուղղությամբ»,- գրում է գործակալությունը։
Ի պատասխան՝ Ուկրաինան հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր է արձակում Ռուսաստանի տարածքում գտնվող թիրախների ուղղությամբ։ Զելենսկին ասել է, որ ուկրաինացի զինվորականներին այժմ հաջողվում է ոչնչացնել Ռուսաստանի ամենաարագ անօդաչու թռչող սարքերի մոտ 70 տոկոսը։ Նրա խոսքով՝ այդ ցուցանիշը բարելավվում է։
Սակայն բալիստիկ հրթիռները որսալու համար նախատեսված հրթիռների «շատ, շատ մեծ» պակաս կա, ասել է նա՝ պնդելով, որ ԱՄՆ-ն ձգձգում է Patriot համակարգերի մատակարարումները։ «Ափսոս, որ նրանք կենտրոնացել են Մերձավոր Արևելքի վրա և ավելի շատ օգնում են նրանց… Ափսոս։ Այս հարցում մենք շատ լուրջ հարցեր ունենք»,- ասել է Զելենսկին։ «Այս հրթիռների պակասը մարդկանց կյանքեր է արժենում»։