Ուկրաինայում խաղաղություն հաստատելու 2 հիմնական տարբերակ է քննարկվում. Քուշներ

ԱՄՆ հատուկ դեսպանորդ Ջարեդ Քուշները ելույթ է ունենում «Կամավորների կոալիցիայի» գագաթնաժողովի ավարտին, 19-ը նոյեմբերի, 2026թ. Բեռլին
ԱՄՆ հատուկ դեսպանորդ Ջարեդ Քուշները ելույթ է ունենում «Կամավորների կոալիցիայի» գագաթնաժողովի ավարտին, 19-ը նոյեմբերի, 2026թ. Բեռլին

Ուկրաինայում հակամարտության կարգավորման համատեքստում քննարկվում է երկու հիմնական լուծում, հայտարարել է Դոնալդ Թրամփի փեսան և ԱՄՆ գլխավոր բանակցողներից Ջարեդ Քուշները:

Գերմանական Axel Springer մեդիա կոնցեռնին տված փոդքաստում Քուշներն ասել է, որ ամերիկյան կողմը Ռուսաստանի հետ ոչ հրապարակային քննարկում է «բազմաթիվ գաղափարներ»։

«Այժմ կա մի մոտեցում, որի հաջողության հարցում վստահ չեմ, բայց այն շատ տրամաբանական է թվում, և, կարծես, երկու կողմերն էլ պատրաստ են աջակցել դրան։ Հիմնականում քննարկվում է երկու լուծում։ Դրանցից մեկը ինչ-որ առումով սառեցումն է [ռազմական գործողությունների – խմբ.], որը հետագայում կհանգեցնի հրադադարի և խաղաղության»,- ասել է նա։

«Երկրորդ առաջարկն այն է, որ Ուկրաինան փաստացի հրաժարվում է ամբողջ Դոնբասից, իսկ դրա դիմաց ստանում է ՆԱՏՕ-ին լիիրավ անդամակցություն»,-ասել է Քուշները՝ բացառելով առանց Եվրոպայի և Ուկրաինայի հետ համաձայնեցնելու որոշումներ կայացնելու հնարավորությունը։

Ավելի վաղ նա ներկայացրել էր Վաշինգտոնի դիրքորոշումը: «Մենք ձգտում ենք այնպիսի ապագայի, որտեղ Ուկրաինան անվտանգ կլինի, Եվրոպան՝ ավելի ուժեղ, իսկ Ռուսաստանը վստահ կլինի, որ ՆԱՏՕ-ն չի ձգտում առճակատման»,- ասել է նա։

Անցած շաբաթ The Wall Street Journal-ը գրել էր, որ Քուշները վերջին մի քանի ամիսներին փակ բանակցությունների ընթացքում քննարկել է Ուկրաինային ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորություն տալու գաղափարը՝ տարածքային զիջումների դիմաց։

Պարբերականը նշել էր, որ քննարկվել է երկու հնարավոր սցենար՝ Կիևի կողմից Դոնբասից հրաժարում՝ դաշինքին անդամակցելու դիմաց, ինչպես նաև հակամարտության սառեցում՝ ռազմաճակատի գծով և Ուկրաինային անվտանգության երաշխիքների տրամադրում։

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը քննադատել է տարածքային զիջումների դիմաց Ուկրաինային ՆԱՏՕ-ի անդամակցության առաջարկը՝ դաշինքին Կիևի հնարավոր անդամակցությունն անվանելով «պատերազմի պատճառներից մեկը», իսկ դաշինքը՝ «Ռուսաստանի նկատմամբ թշնամական բլոկ»։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովն էլ անցած շաբաթ հայտարարել էր, որ Մոսկվան համաձայն չէ անգամ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի «քվազիանդամակցության» հնարավորության հետ։

Մոսկվան բազմիցս բացառել է շփման գծով ռազմական գործողությունների սառեցման հնարավորությունը։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, բացատրելով, թե ինչու Մոսկվային չի բավարարում նման տարբերակը, հայտարարել է, թե «Արևմուտքն այժմ առաջ է մղում հետևյալ մոտեցումը․ կանգ առնել այնտեղ, որտեղ անցնում է շփման գիծը, հաստատել զինադադար, այլ ոչ թե երկարաժամկետ խաղաղություն»։

«Ընդ որում, բարձրաձայն հայտարարվում է, որ այս կերպ ռազմական գործողությունների դադարեցումից կամ կասեցումից հետո ո՛չ Ուկրաինան, ո՛չ Եվրոպան չեն ճանաչի, որ Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող տարածքները Ռուսաստանի Դաշնության տարածք են, այդ թվում՝ Սահմանադրության համաձայն»,- ասել էր նա։

Ռուսաստանը հրադադարի պայմաններից մեկն է համարում Ուկրաինայի հրաժարումը ՆԱՏՕ-ին անդամակցելուց և ուկրաինական զորքերի դուրսբերումը Դոնբասի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի տարածքներից։


​
XS
SM
MD
LG