Ուկրաինայի վրա հարձակումների ժամանակ ռուսական զորքերի կիրառած անօդաչու թռչող սարքերում լիտվական բջջային օպերատորների SIM քարտեր են հայտնաբերվել, հայտնում է լիտվական 15min կայքը՝ հղում անելով միջազգային լրագրողական հետաքննությանը։
Ուկրաինական ռազմական հետախուզության տվյալների համաձայն, որոնք ձեռք են բերել լրագրողները, 2025 թվականին Ուկրաինայի վրա արձակված ռուսական անօդաչու թռչող սարքերում լիտվական Tele2 ընկերության Pildyk կանխավճարային ծառայության ութ SIM քարտ է հայտնաբերվել։
Tele2 ընկերության ներկայացուցիչները հաստատել են, որ քարտերը գնվել և ակտիվացվել են 2024 թվականին, երբ Լիտվայում դեռ ուժի մեջ չէր մտել կանխավճարային SIM քարտերի օգտատերերի պարտադիր գրանցումն ու նույնականացումը։
Ռուսական անօդաչու թռչող սարքերում հայտնաբերվել են նաև հեռահաղորդակցության ոլորտի մեկ այլ օպերատորի՝ Telia ընկերությանը պատկանող Ežys SIM քարտեր։ Լրագրողները չեն կարողացել պարզել, թե որտեղից են դրանք գնվել և գրանցվել։
Լրագրողների հարցումներին ի պատասխան՝ Եվրոպական հանձնաժողովը ԵՄ անդամ պետություններին կոչ է արել հետաքննել նման դեպքերը:
SIM քարտերի արտահանումը Ռուսաստան արգելված է եվրոպական պատժամիջոցներով և թույլատրվում է միայն բացառիկ դեպքերում՝ ազգային իշխանությունների թույլտվությամբ:
Լիտվայում կանխավճարային SIM քարտեր գնողների պարտադիր նույնականացումը ներդրվել է 2025 թվականի հունվարի 1-ից։ Ընդորում, Եվրամիությունում նման քարտերի գրանցման միասնական պահանջներ չկան․ համապատասխան կանոնները սահմանվում են յուրաքանչյուր երկրի ազգային մակարդակով։
Հետաքննության հեղինակները նաև հայտնաբերել են ապացույցներ, որ Ռուսաստանն օգտագործում է Արևմուտքում արտադրված էլեկտրոնային բաղադրիչներ, որոնք արտադրվել են արդեն 2026 թվականին։ Լրագրողների կարծիքով՝ սա վկայում է այն մասին, որ պատժամիջոցները շրջանցելու միջոցով արևմտյան տեխնոլոգիաները Ռուսաստան մատակարարելու ուղիները շարունակում են գործել։
Հետաքննությունը համակարգել է բելգիական De Tijd պարբերականը։ Դրան մասնակցել են լիտվական 15min լրատվական կայքը, ուկրաինական անգլալեզու The Kyiv Independent պարբերականը, Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության հետազոտման միջազգային կենտրոնը (OCCRP) և գերմանական Paper Trail Media հետաքննական լրագրության կենտրոնը։