Շիրակի մարզպետարանն ու Գյումրիի ընդդիմադիր քաղաքային իշխանությունները նորից հեռավար մեղադրանքներ են փոխանակում: Այս անգամ կարկուտից տուժածներին փոխհատուցելու սոցիալական հարցն է դարձել քաղաքական կռվախնձոր: Եթե վնասված մեքենաների ու անհատական տների համար միանվագ 100 հազար դրամի փոխհատուցում է տրամադրվում, ապա բազմաբնակարան շենքերի հարցում կռիվ է ընկել երկու կառույցների միջև, թե ով պետք է վնասված տանիքները վերանորոգի:
Գործադիրը որոշել է, որ գումարի 70 տոկոսն ինքը կհատկացնի, 30 տոկոսը՝ համայնքը: Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի պնդմամբ՝ ծախսերն այնպես են հաշվել, որ Գյումրիի համայնքապետարանի 30 տոկոս մասնակցության հարցն են անգամ փակել: Մնում էր կազմակերպչական խնդիրը լուծել ու հենց այստեղ է, որ Գյումրիի համայնքապետարանը, ըստ մարզպետի, ձեռքերը ծալել նստել է՝ ցույց տալով համատիրությունների տեղը: Վնասված 141 շենքի տանիքի փոխարինման համար կառավարությունը 200 մլն դրամ է հատկացնել: ՔՊ-ական մարզպետի խոսքով՝ այս պարագայում 2 տարբերակն էր մնում:
«Ճանապարհներից մեկը՝ էդ 200 միլիոնը Գյումրիի 141 տանիքների հետ փոխանցել կառավարություն, որովհետև այդ խնդրի ուղիղ շահառուները համատիրություններ կամ համայնքապետարան, որը համատիրությունների հետ է աշխատում, նպատակահարմարության հետ խնդիրներ ունի, այս պարագայում կամ պետք է գումարը փոխանցվեր ամբողջությամբ հետ կամ մենք մեր ուժերով համատիրությունների, սեփականատերերի հետ փորձեինք աշխատանք տանել», - ասաց նա:
Մարզպետն ասում է՝ թեև խաղի կանոններով այդ գումար պետք է հետ ուղարկվեր կառավարություն, բայց արդյունքում կարկուտից տուժած բնակիչներն էին տուժելու, ոչ թե Գյումրիի համայնքապետարանը:
Գյումրիի ընդդիմադիր փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանը հակադարձում է՝ իրենք չեն հրաժարվել տանիքների վերանորոգմանը մասնակցելուց, բայց մի շարք խոչընդոտներ են առանձնացրել և գրությամբ մարզպետարանին ու կառավարությանը տեղեկացրել:
«Ժամկետները շատ սուղ են, դեկտեմբերի 20 է, եթե չեմ սխալվում, պատկերացնո՞ւմ եք 141 շենքի կտուրի կառուցում, փոփոխություն, մրցույթներ, ու մենք չենք կարող այդ գումարները ուղիղ տնօրինել, դրանց համար մենք մրցույթներ պետք է հայտարարենք: Չգիտեմ տեղյակ են, տեղյակ չեն, որ համատիրությունները չեն ենթարկվում համայնքապետարանին», - ասաց Առաքելյանը:
Կարկուտից վնասի գնահատումը, հիշեցնում է Առաքելյանը, Գյումրիի համայնքապետարանի աշխատակազմն է իրականացրել: Տնից տուն են շրջել, չափագրել, նկարել ու տվյալները մարզպետարան փոխանցել:
Գյումրիում կա՞ «կառավարման ճգնաժամ»
Շիրակի ՔՊ-ական մարզպետը պնդում է, որ սա Գյումրիում կառավարման ճգնաժամի դրվագներից մեկն է. - «Որ ասում ենք ՝քաղաքում ճգնաժամ է, քաղաքում կոլապսային իրավիճակ է, որ ասում ենք՝ կառավարումը չի նշանակում միայն աղբահանություն, հազար ու մի խնդիրներ կան, որոնք պետք է ճիշտ կառավարվեն այս ամենի մասին ենք խոսում»:
Ավետիս Առաքելյանը խորհուրդ է տալիս բառարանը բացել ու ճգնաժամ բառը փնտրել. - «Շատ ծեծված թեմա է, թող բառարանը բացեն նայեն ինչ է մեկնաբանում կառավարման ճգնաժամ ասելով»:
Եթե իշխանությունը շարունակում է պնդել, որ Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքում կառավարման ճգնաժամ կա, ապա ինչպե՞ս են տեսնում դրա հանգուցալուծումը. - «Արտահերթ ընտրություններն են, այս ամեն ինչից տուժում են միայն գյումրեցիները»:
Վարչապետն ու մյուս ՔՊ-ականները Գյումրիի արտահերթի մասին խոսում են մի քանի ամիս շարունակ, բայց նաև չեն հստակեցնում, թե ինչպես են գնալու դրան ու երբ: Իսկ Ավետիս Առաքելյանը սպառնում է՝ եթե փորձեն կոլապս ստեղծել ու արտահերթի գնալ, ավելի վատ կլինի հենց իշխանությունների համար:
Վերջերս, երբ ավագանու նիստերից մեկի ժամանակ ՔՊ-ականներից մեկը մանդատները վայր դնելու առաջարկ արեց, Ավետիս Առաքելյանն էլ պայման առաջ քաշեց, թե թող դադարեցնեն տնային կալանքում գտնվող քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ քրեական հետապնդումը ու գնան նոր ընտրության: Արդյոք այդ առաջարկն ուժի մե՞ջ է հիմա:
«Քննարկում այդ մասին երբևիցե չենք ունեցել պարոն Ղուկասյանի հետ: Հիմա գնդակն իրենց դաշտում է», - ասաց Առաքելյանը:
Գյումրիի ավագանու ընտրություններն անցկացվել են անցած տարի գարնանը: Կես տարի անց կոռուպցիոն մեղադրանքներով կալանավորվեց ընդդիմադիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանն, ով մի քանի ամիս բանտում պահվելուց հետո այժմ տնային կալանքի տակ է և չի կարող կատարել իր պարտականությունները: