«Չեմ կարդացել». Ռոբերտ Քոչարյանը՝ Սահմանադրության նախագծի ու Փաշինյանի առաջարկի մասին

Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ի գործով դատավարությանը, 24-ը նոյեմբերի, 2026թ.
Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ի գործով դատավարությանը, 24-ը նոյեմբերի, 2026թ.

«Չեմ կարդացել». նախկին նախագահ, ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն այսօր այսպես արձագանքեց «Ազատության» հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում խորհրդարանում վեց ձայն ապահովելու և նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու՝ վարչապետի առաջարկին: Նրա փոխանցմամբ՝ թիմակիցներն իրեն ուղարկել են Սահմանադրության նախագիծը, սակայն քրեակատարողական ծառայությունը թույլ չի տվել այն իրեն փոխանցել:

Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարն «Ազատությանն» ասաց, որ պատշաճ կարգով սկանավորել են նախագիծը, ներբեռնել, բայց, միևնույն է, թույլ չեն տվել այն Քոչարյանին փոխանցել։ «Ազատությունը» դիմել է Քրեակատարողական ծառայություն՝ պարզելու, թե ինչո՞ւ նախագիծը չեն փոխանցել նախկին նախագահին, պատասխան դեռ չունենք:

Կալանքի տակ գտնվող Քոչարյանն այսօր նաև մատնացույց արեց իրեն ուղեկցող քրեակատարողական ծառայության աշխատակիցն՝ ասելով, թե «ստեղ նաչալնիկն ինքն է»: Պաշտոնաթող նախագահը լրատվամիջոցների հետ շփման արգելք ունի:

Թեև Քոչարյանն այսօր մեկնաբանություն չարեց, բայց նրա առաջնորդած ընդդիմադիր ուժը բազմիցս հայտարարել է, որ մերժում է վարչապետի առաջարկը և չի աջակցի նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու որոշման հաստատմանը խորհրդարանում: Իշխող «Քաղաքացիական պայմանագրին» դա անելու համար ընդդիմադիրներից 6 ձայն է պետք:

Պաշտոնաթող նախագահն այսօր մասնակցում էր մարտի 1-ի գործով դատավարությանը, որով մեղադրվում է պաշտոնական լիազորությունների չարաշահման համար: Մեկ այլ գործով էլ նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելով խոշոր չափերի կաշառք ստանալու և փողերի լվացման հոդվածներով։ Հենց այս վերջինի շրջանակներում էլ օգոստոսին կալանավորվեց:

Մարտի 1-ի գործով այսօրվա նիստում դատախազն ընթերցեց վկաների ցանկը, որոնք պետք է հարցաքննվեն: Մեղադրող կողմը ցանկանում է մի քանի հարյուր վկայի, այդ թվում բարձրաստիճան ներկա ու նախկին ոստիկանության ծառայողների, զինվորականների հերթով կանչել հարցաքննության:

Այս գործով Քոչարյանին վերագրվող պաշտոնական լիազորությունների չարաշահման հոդվածի վաղեմության ժամկետն անցել է, ու եթե անգամ դատարանը մեղավոր ճանաչի նրան ու նախկին երեք ենթականերին, ապա նրանք, միևնույն է, չեն ազատազրկվի։ Երկրորդ նախագահը չի հստակեցրել՝ համաձայն է, որ կիրառվի վաղեմության ժամկետը, թե՝ ոչ։ Եթե համաձայնի, և եթե վաղեմության ժամկետի կիրառմանը կողմ լինեն նաև տուժողների ներկայացուցիչները, ապա դատավարությունը չի շարունակվի, գործը կփակվի:

​
XS
SM
MD
LG