Ռումինիան աջակցում է Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու ջանքերին և պատրաստ է իր փորձը փոխանցել Երևանին։ Այս մասին հայտարարել է Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ հայտարարությունների ժամանակ։
«Եվրամիությունը խաղաղության տարածք է, բարգավաճման հնարավորություն, հետևաբար մենք աջակցում ենք այդ գործընթացին», - ասել է Դանը՝ հավելելով, որ եվրաինտեգրման անցումային շրջանի փորձով Ռումինիան արդեն կիսվում է Մոլդովայի և Ուկրաինայի հետ։ Բուխարեստը պատրաստ է նույնն անել նաև Հայաստանի դեպքում։
ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացումը կամրապնդի ժողովրդավարությունը Հայաստանում. Փաշինյան
Նոյեմբերի 14-ին Դուբլինում՝ Միջազգային և եվրոպական հարցերի ինստիտուտում փորձագետների հետ հանդիպման ժամանակ, Նիկոլ Փաշինյանին հարցրել էին, թե ինչպես է պատկերացնում Հայաստանը 20 տարի անց։ Վարչապետը պատասխանել էր, որ Հայաստանը տեսնում է Եվրամիության կազմում։
Այսօր Փաշինյանը Բուխարեստում հայտարարեց, որ կխոսի հարցի ներքաղաքական նշանակության մասին՝ նշելով, որ դա կարող է կարևոր խթան դառնալ Հայաստանում ժողովրդավարության զարգացման և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման համար։
«Հայաստանում պարբերաբար քննարկվում են ժողովրդավարության որակի և ժողովրդավարական ինստիտուտների կայացածության հարցերը։ Իմ ընկալմամբ՝ Եվրամիության հետ հարաբերությունների խորացումն այն կարևորագույն ուղենիշն է, որը կարող է մեզ հնարավորություն տալ զարգացնելու և ավելի կայացած դարձնելու ժողովրդավարությունը Հայաստանի Հանրապետությունում։ ԵՄ-ն խաղաղության տարածք է, նաև ժողովրդավարության և խոսքի ազատության տարածք է», - ասել է Փաշինյանը։
Օրեր առաջ Փաշինյանը հայտարարել էր, որ 2029 թվականին Եվրամիության հետ վիզաների ազատականացման հասնելն ավելի իրատեսական է դառնում: