Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կարող էր դառնալ երկրի անվտանգության ամենահուսալի երաշխիքը, սակայն անդամակցության հեռանկարը կախված կլինի նրանից, թե երբ և ինչպես կավարտվի պատերազմը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նախագահ Զելենսկիի պաշտոնական կայքէջը տեղեկացնում է, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը քննարկվել է նաև նոյեմբերի 19-ին Բեռլինում կայացած «Պատրաստակամների կոալիցիայի» հանդիպման ժամանակ։ Թեման բարձրացրել են Ֆրանսիան և մյուս դաշնակիցները։
Կիևն այս հարցը քննարկում է նաև Վաշինգտոնի հետ, սակայն հստակ որոշումներ դեռ չկան։
Նոյեմբերի 14-ին Զելենսկին հայտնել էր, որ ամերիկյան կողմը բանակցությունների ընթացքում առաջին անգամ բարձրացրել է Ուկրաինայի՝ Դոնբասի՝ Կիևի վերահսկողության տակ գտնվող հատվածից զորքերը դուրս բերելու հնարավորությունը՝ ՆԱՏՕ-ին անդամակցության դիմաց։
Ուկրաինայի նախագահը հայտարարել էր, որ երկիրը մտադիր չէ զիջել իր տարածքները, սակայն անվտանգության համապարփակ համաձայնության դեպքում հարցը կարող է դրվել հանրաքվեի։
«Դեռ վաղ է ասել՝ կլինե՞նք ՆԱՏՕ-ում, թե՞ ոչ, քանի որ ամեն ինչ կախված է նրանից, թե երբ և ինչպես կավարտվի այս պատերազմը», - ըստ Ուկրաինայի նախագահի կայքէջի երեկ ասել է Զելենսկին։
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ին անդամակցությունը թույլ կտար Ուկրաինային ավելի քիչ ծախսերով ապահովել իր անվտանգությունը։ Հակառակ դեպքում երկիրը ստիպված կլինի ինքնուրույն պահպանել մեծաքանակ բանակ, այն զինել հրթիռներով, հրետանիով ու ավիացիայով, ինչպես նաև զարգացնել հակաօդային պաշտպանության կարողությունները։
«Ուկրաինայի համար անվտանգության ամենահստակ երաշխիքը ՆԱՏՕ-ին անդամակցությունն է։ Իսկ ՆԱՏՕ-ի ամրապնդման ամենակարևոր քայլը Ուկրաինային ընդունելն ու դաշնակիցների շարքերում ուկրաինականի նման բանակ ունենալն է։ Սա ձեռնտու է երկու կողմերին էլ», - հայտարարել է Զելենսկին։