Դանիան Եվրամիության երկրներին առաջարկել է դադարեցնել Ռուսաստանի քաղաքացիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումը և չճանաչել Ռուսաստանի ոչ կենսաչափական անձնագրերը։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով պաշտոնական հաղորդագրությունը, որի իսկությունը հաստատել են երկու դիվանագետ։
Գործակալության տվյալներով՝ առաջարկը ներկայացվել է երեկ երեկոյան եվրոպացի դիվանագետներին ուղարկված նամակում։
Դանիան իր նախաձեռնությունները կներկայացնի երկուշաբթի՝ Բրյուսելում կայանալիք ԵՄ մշտական ներկայացուցիչների կոմիտեի հերթական նիստում։
Ի դեպ, դեռ հոկտեմբերին «Ազատություն» ռադիոկայանի եվրոպական թղթակից Ռիկարդ Յոզվիակը հաղորդել էր, որ Բրյուսելը քննարկում է Ռուսաստանի քաղաքացիների համար Շենգենյան գոտի ոչ էական ուղևորությունների լիակատար արգելք սահմանելու հնարավորությունը:
Հոկտեմբերին Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենն էր ԵՄ երկրներին կոչ արել դադարեցնել զբոսաշրջային վիզաների տրամադրումը Ռուսաստանի քաղաքացիներին, քանի դեռ Ռուսաստանը շարունակում է իր ագրեսիվ պատերազմը Ուկրաինայի դեմ:
Ավելի վաղ Դանիայի ԱԳՆ էր կանչվել Ռուսաստանում Դանիայի դեսպանը, որին տեղեկացրել էին, որ Ռուսաստանի ռազմական կցորդը հայտարարվել է անցանկալի անձ։
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտարարել է, որ Մոսկվան համարժեք պատասխան կտա։