Մատչելիության հղումներ

Պեսկով. Ռուսաստանցիների համար վտանգավոր է դարձել Եվրոպա մեկնելը

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

Ռուսաստանցիների համար վտանգավոր է դարձել եվրոպական երկրներ այցելելը, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ «Վեստի»-ի հետ զրույցում մեկնաբանելով Չեռնոգորիայում "Рыбарь" նախագծի հիմնադիր Միխայիլ Զվինչուկի ձերբակալությունը:

Նշելով, թե չգիտի տեղի ունեցածի հանգամանքները, Պեսկովը, «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, շարունակել է. - «Կարող ենք միայն ասել, որ ըստ Վիեննայի հյուպատոսական կոնվենցիայի՝ երկիրը պարտավոր է իրազեկել մեր հյուպատոսական հաստատությանը Ռուսաստանի քաղաքացիների ձերբակալության մասին, և, անշուշտ, մեր դիվանագետներն ամեն դեպքում ապահովելու են Ռուսաստանի քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը»:

Հարցին էլ, թե ինչ խորհուրդ կտար ռուսաստանցիներին, հատկապես՝ հրապարակային գործունեությամբ զբաղվող և Եվրոպա այցելող, ՌԴ նախագահի խոսնակն արձագանքել է. - «Դե տեսեք, դա վտանգավոր է: Դա վտանգավոր է: Նրանք, ովքեր պատժամիջոցների տակ են, պետք է իրենց հաշիվ տան, որ, այո, մենք այդ պատժամիջոցներն անօրինական ենք համարում միջազգային իրավունքի տեսակետից, սակայն բուն եվրոպական երկրներում կամ ԵՄ տարածքում պատժամիջոցների խախտումը քրեական հանցագործություն է»:

«Եվ, իհարկե, Ռուսաստանի քաղաքացիների համար եվրոպական երկրներ այցելելը ներկայումս վտանգավոր է: Դա կարելի է ասել լիակատար վստահությամբ և լիակատար պատասխանատվությամբ», - հայտարարել է Պեսկովը:

Չեռնոգորիայի ոստիկանությունն այսօր առավոտյան ձերբակալել է մի քանի անձանց, որոնք ներգրավված են եղել ռուսական "Рыбарь" քարոզչական նախագծի աշխատանքներում, այդ թվում՝ նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկին, որի նկատմամբ ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ են սահմանել:

Այս նախագիծը մեղադրվում է նաև ապատեղեկատվություն տարածելով Հայաստանում այս տարի անցկացված խորհրդարանական ընտրություններին միջամտելու մեջ:



​
XS
SM
MD
LG