Վանաձորի ավագանին կարող է լուծարվել

Լրացված

Եթե ոչ այսօր, ապա տասն օր անց Վանաձորի ավագանին օրենքի ուժով պետք է լուծարվի։

Հինգ տարի տևած արգելանքը վերացվել է. Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը նոյեմբերի 10-ին հանել է համայնքի ղեկավար ընտրելու արգելքը։

Ըստ օրենքի՝ ավագանին ԴԱՀԿ որոշումից հետո պարտավոր էր տասն օրվա ընթացքում նիստ գումարել ու քաղաքապետ ընտրել։ Բայց Վանաձորում ո՛չ ավագանին է շտապում, ո՛չ քաղաքապետարանը։

Խոսնակ Աստղիկ Ավետիքյանը կարճ կապեց՝ քաղաքապետարանն իր բնականոն հունով աշխատում է։

«Էս պահի դրությամբ, ասում եմ՝ քաղաքապետը նիստ չի նախաձեռնել: Բոլոր ավագանիները ծանուցված են: Իրենք կարող են նախաձեռնել»,- ասաց խոսնակը:

Իսկ թե ինչու հենց ինքը՝ քաղաքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, որ նաև ավագանու ՀԱՍԿ խմբակցության անդամ է, նիստ չի հրավիրում, խոսնակն անպատասխան թողեց:

Որոշումն ավագանուն են ուղարկել 9 օր ուշացումով

Պարզվում է՝ քաղաքապետարանում նոյեմբերի 10-ի որոշումը առնվազն 9 օր գաղտնի է պահվել: Այն ո՛չ հրապարակվել է, ո՛չ էլ ժամանակին ուղարկվել խմբակցություններին։

«Հայրենիք» խմբակցության ղեկավար Վահե Դոխոյանն ասում է՝ որոշումից միայն ինն օր անց քաղաքապետարանից էլեկտրոնային նամակ են ստացել՝ առանց վերնագրի ու ուղեկցող տեքստի, պարզապես կցել են ԴԱՀԿ որոշումը՝ PDF ֆայլով։ Ավագանու ընդդիմադիր անդամը պնդում է՝ անուշադիր աչքը կշրջանցեր այն։

«Աշխատակազմը, չգիտես ինչի, շատ մեծ անտարբերություն է ցուցաբերում էս հարցի շուրջ ու մեզ ինչ-որ փաստաթուղթ է շպրտել: Ես կարող եմ ենթադրել, որ իրենց ձեռնտու չի, որ նիստ կայանա: Չգիտեմ էլ՝ ում ա ձեռնտու, բայց եթե մարդիկ չարչարվում են. քաղաքական մեղադրանքներ են անում նրանց, ովքեր իրենց կազմակերպած արտահերթ նիստերին չեն ներկայանում, դրանից կարելի է հետևություն անել, որ եթե իրենց պետք լիներ, կնախաձեռնեին էդ նիստը»,- պնդեց Դոխոյանը:

Հինգ տարի շարունակ ընդդիմությունն ու փորձագետներն ահազանգում էին, որ դատական քաշքշուկներով արհեստականորեն երկարաձգվում է վարչապետի նշանակած պաշտոնակատարի կառավարումը։

Այս ընթացքում ավագանին հավաքվում էր միայն տարին 1-2 անգամ՝ իշխանությունների սրտով բյուջե ու ծրագրեր հաստատելու համար։

Բայց հիմա, երբ բոլոր իրավական արգելքները վերացված են, պատկերը դարձյալ չի փոխվում՝ նիստ նախաձեռնելու մասին ոչ մի խմբակցություն չի հայտարարում։

Ավելին՝ ամենամեծ ընդդիմադիր «Մամիկոն Ասլանյան» խմբակցության ղեկավար Արթուր Օհանյանն «Ազատությանն» ասաց, թե ընդհանրապես տեղյակ չէ՝ ինչի մասին է խոսքը ու անձնական հարցերով է զբաղված:

«Դուք ինչ ասում եք ես առաջին անգամ եմ լսում: Որևիցե բան չկա էս պահին, որևիցե քննարկում չկա: Ինչ ա նշանակում՝ ձեզ ծանուցել են, ծանուցման պատշած ձևեր կան, մեյլս կարող ա ամիսներով չբացեմ, հետո ինչ»,- պատասխանեց Օհանյանը:

Փորձագետներն ավագանու անգործությունը համարում են ապօրինի

Ստացվում է՝ արգելանքի վերացումից հետո 5 տարի տևած քաղաքական ճգնաժամը լուծողներ չկան: Փորձագետներն ահազանգում են՝ նիստ չգումարելով օրենք է խախտվում։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն ընդգծում է՝ տեղի իշխանություններն են ՏԻՄ մարմինների լիարժեք ձևավորման ուղիղ պատասխանատուները:

«Ուրեմն դա օրենքի պահանջն է և օրենքի պահանջին եթե չեն ենթարկվում, ուրեմն՝ ավագանու այսպես կոչված ընտրված անդամները չեն կատարում օրենքի պահանջը: Այսինքն՝ իրենց վարքագիծն ամբողջությամբ ապօրինի է»,- ասաց Սաքունցը:

Այս իրավական թնջուկի մեջ հարցերն ավելի շատ են, քան պատասխանները. ո՞ւմ անգործությամբ որոշումը թաքցվեց ինը օր, ե՞րբ է լրանում ճակատագրական տասնօրյակը:

Հաշվարկենք նոյեմբերի 10-ի՞ց, երբ կայացվել է որոշումը, թե՞ ինը օր անց, երբ նամակն ուղարկվել է ավագանու անդամներին: Լոռու մարզպետարանից ասացին ավելի ուշ կարձագանքեն:

ՏԻՄ փորձագետ Գևորգ Քոթանջյանը միակ օրինական ելքը տեսնում է ավագանու լուծարման մեջ։ Ըստ նրա՝ գործող ավագանին այլևս որևէ այլ օրակարգով նիստ հրավիրելու իրավունք չունի, իսկ տասն օրում համայնքի ղեկավար չընտրելու դեպքում օրենքը տուն է ուղարկում ավագանու բոլոր 33 անդամներին։

«Էս դեպքում, փաստացի, Լոռու մարզպետը պետք է գրություն ուղարկի Տարածքային կառավարման նախարարին, նախարարը պատրաստի նախագիծ, ներկայացվի կառավարությանը Վանաձոր համայնքի ավագանին լուծարելու մասին: Ու էս դեպքում, փաստացի, մենք արդեն թևակոխ կլինենք նոր ընտրությունների փուլի»,- ասաց ՏԻՄ փորձագետը:

Իշխանությունները վերջին օրերին հայտարարում են, որ համայնքային բյուջեի հաշվին գնված 45 նոր ավտոբուսները Չինաստանից ճանապարհ են ընկել դեպի Վանաձոր: Անգամ եթե ավագանին չլուծարվի, ապա դրանք գործարկելու որևէ հնարավորություն իշխանությունները չեն ունենա, քանի որ օրենքն արգելում է այս դեպքում բացի համայնքի ղեկավարի ընտրությունը, որևէ այլ օրակարգով նիստ անցկացնել:


​
XS
SM
MD
LG