Խորհրդարանում շարունակում են քննարկել հաջորդ տարվա պետական բյուջեի նախագիծը. «Ազատությունը» շարունակում է ուսումնասիրել այն՝ այս անգամ անդրադառնալով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բյուջեին, որը թեև աճում է, սակայն առանձին ծրագրեր կրճատվում են։
2027-ին սոցիալական ոլորտում կառավարությունը գրեթե 1.1 տրիլիոն դրամ կծախսի՝ շուրջ 3 միլիարդ դոլար, այս գումարը պետության ընդհանուր ծախսերի շուրջ 27 տոկոսն է: Ընդհանուր, այս՝ 2026-ի համեմատ սոցիալական ծախսերը կավելանան շուրջ 250 միլիոն դոլարով։ Բայց ընդհանուր այս աճի հետևում մի շարք ծրագրերի էական կրճատումներ են։
Օրինակ, անապահով ընտանիքների նպաստի համար նախատեսված գումարը կկրճատվի մոտ մեկ երրորդով՝ այս տարվա 70 միլիոն դոլարից հասնելով 46 միլիոն դոլարի: Ըստ միջնաժամկետ ծրագրի, հաջորդող երկու տարիներին՝ մինչև 2029 թվականը այս միտումը կպահպանվի, և այս ոլորտի բյուջեն հետագայում կկրճատվի ևս ավելի քան 2 միլիոն դոլարով:
Առավել կտրուկ է զբաղվածության ծրագրի ֆինանսավորման կրճատումը՝ շուրջ 77 տոկոսով։ Եթե այս տարի դրա համար նախատեսված էր շուրջ 36 միլիոն դոլար, ապա հաջորդ տարի ընդամենը 8 միլիոն դոլարից մի փոքր ավելի։
Ինչն է կոնկրետ կրճատվում
Ղարաբաղից տեղահանված անձանց համար կարճաժամկետ վերապատրաստման ծրագրի ֆինանսավորումը, օրինակ, 2.4 միլիոն դոլարից կնվազի մինչև 1.7 միլիոն դոլար։
Կառավարությունը կրճատում է նաև անհուսալի վարկեր ունեցողներին աջակցելու ծրագիրը. այս տարվա 26.3 միլիոն դոլարի համեմատ հաջորդ տարի դրան կհատկացվի մոտ հինգ անգամ քիչ՝ 4.5 միլիոն դոլար:
Ուշագրավ հակասությունների շարքում նշենք՝ Գործադիրը մի կողմից հայտարարում է, որ աղքատությունը աշխատանքով են հաղթահարում, մյուս կողմից հաջորդ տարի ծրագրում է կրճատել անապահով ճանաչված ընտանիքների աշխատունակ անձանց վերապատրաստման ծրագիրը՝ 1.2 միլիոն դոլարի համեմատ այս նպատակով հաջորդ տարի կծախսվի դրա կեսից էլ քիչը՝ 550 հազար դոլար:
Այս կրճատումներին զուգահեռ 27 տոկոսով մեծանում է բնակարանային ապահովման ծրագրի ֆինանսավորումը, հաջորդ տարի այն 55 միլիոն դոլար կկազմի: Ընդլայնվում է, օրինակ, սահմանամերձ բնակավայրերում սեփական տուն կառուցելու ծրագրի բյուջեն, այս տարվա 18 միլիոն դոլարի համեմատ այն կկազմի ավելի քան 30 միլիոն դոլար:
Ղարաբաղից տեղահանվածների սոցիալական աջակցության, այդ թվում՝ բնակարանային ապահովման բյուջեն գրեթե անփոփոխ է մնում՝ 150 միլիոն դոլար:
Ընդհանուր, սոցիալական ոլորտի ամենախոշոր ծախսը շարունակում են մնալ կենսաթոշակները՝ դրանց վճարմանը հաջորդ տարի կուղղվի ավելի քան 2 միլիարդ դոլար:
Ստացվում է՝ սոցիալական ոլորտի բյուջեն չնայած մեծանում է, բայց դրա ներսում առանձին բաղադրիչներ փոքրանում են՝ նաև անապահովների համար հատկացված ծրագրերի ֆինանսավորումը կրճատելու հաշվին։