Մատչելիության հղումներ

Պետբյուջեի հատկացումներն՝ ըստ ոլորտների. որ նախարարությունը ինչքան գումար կստանա

Պաշտպանական բյուջեն կաճի, բայց ընդհանուրի մեջ մասնաբաժինը կփոքրանա

Թեև գործադիրը նախատեսում է հաջորդ տարի ընդլայնել Պաշտպանության նախարարության բյուջեն ու հասցնել 620 միլիարդ դրամի՝ ներկայիս փոխարժեքով 1.7 միլիարդ դոլարի, սակայն, գերատեսչությանը հատկացվող գումարի մասնաբաժինն ընդհանուրի մեջ 2022-ից սկսած ամենափոքրը կլինի՝ 15.15 տոկոս:

Այս տարի նախարարությանն ընդհանուրի մեջ ավելի շատ՝ 15.55 տոկոսն են հատկացրել: Վերջին տարիներին պաշտպանական բյուջեն 2023-ին է ընդհանուր ծախսերի հետ համեմատած ամենաբարձրը եղել՝ 20 տոկոսը: 2023-ից սկսած գերատեսչության ֆինանսավորման մասնաբաժինը տարեցտարի նվազում է:

Համեմատության համար Ադրբեջանը հաջորդ տարի նախատեսում է պաշտպանական ծախսերին 5.20 միլիարդ դոլար հատկացնել՝ Հայաստանից ավելի քան 3 անգամ շատ, ինչը հարևան երկրի՝ 2027-ին նախատեսված ծախսերի 21 տոկոսն է:

Ամենաշատը՝ սոցիալական ոլորտին

Պաշտպանության նախարարությունը, այդուհանդերձ, շարունակում է մնալ Հայաստանի երկրորդ ամենամեծ բյուջեն ունեցող գերատեսչությունը, կառավարությունը ավելի շատ գումար է հատկացնում միայն Աշխատանքի և բարեկեցության նախարարությանը. հաջորդ տարի այս նախարարությանը շուրջ 1.1 տրիլիոն դրամ են նախատեսում տրամադրել՝ ներկայիս փոխարժեքով շուրջ 3 միլարդ դոլար. սա պետության ընդհանուր ծախսերի շուրջ 27 տոկոսը կկազմի, նախարարության մասնաբաժինն ընդհանուրի մեջ 2027-ին այս տարվա համեմատ մի փոքր՝ մոտ մեկ տոկոսով կնվազի:

Ֆիննախը ավելի քան 1 մլրդ դոլարի պարտք կփակի

Պետական պարտքի աճի պատճառով ֆինանսների նախարարությունը հատկացումներով երրորդն է՝ հաջորդ տարի նախատեսում են շուրջ 447 միլիարդ դրամ տրամադրել՝ ներկայիս փոխարժեքով շուրջ 1.23 միլիարդ դոլար, մեծ մասը պարտքի տոկոսագումարների վճարման ու մարումների համար. այս գումարը պետության ընդհանուր ծախսերի շուրջ 11 տոկոսն է. 2022-ին նախարարությունն այս հաշվարկում հինգերորդն էր, այս տարիների ընթացքում, փաստորեն, Ֆինանսների նախարարության բյուջեն առաջ է անցել և՛ Տարածքային կառավարման, և՛ Կրթության նախարարություններից: Պետական պարտքը սպասարկելու համար տրամադրված գումարը 2022-ի համեմատ մեծացել է ավելի քան 2 անգամ:

Կրթությունն ու գիտությունը՝ 4-րդ տեղում

Կառավարության հաստատած նախագծով 2027-ին տրամադրված գումարով չորրորդ տեղում կրթության նախարարությունը կլինի. գերատեսչությանը շուրջ 440 միլիարդ դրամ են նախատեսում հատկացնել, ներկայիս փոխարժեքով շուրջ 1.20 միլիարդ դոլար. այս գումարն ընդհանուրի ավելի քան 10.7 տոկոսն է:

Այս տարվա համեմատ նախարարության բյուջեն նախատեսում են ընդլայնել շուրջ 3.8 տոկոսով, ընդհանուրի մեջ մասնաբաժինը, սակայն, կնվազի գրեթե մեկ տոկոսով:

Տարածքային կառավարման նախարարության ծախսերը դանդաղ են աճում

Հինգերորդը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն է. 2027-ին շուրջ 363 միլիարդ դրամ՝ ներկայիս փոխարժեքով շուրջ 1 միլիարդ դոլար են նախատեսում տրամադրել, այս գումարն ընդհանուրի շուրջ 9 տոկոսն է, 2022-ին այս նախարարությանն ընդհանուրի ավելի քան 12.5 տոկոսն էին տրամադրել: 2022-ի համեմատ նախարարության բյուջեն մեծանում է 32.4 տոկոսով, շատ ավելի համեստ, քան բազմաթիվ այլ ոլորտներում:

Այս տվյալները ցույց են տալիս՝ չնայած իրականացվող ենթակառուցվածքային աշխատանքներին՝ այս ուղղությամբ պետական ծախսերը շատ ավելի ցածր տեմպերով են աճում, քան հիմնական մյուս ուղղություններում:

Առողջապահական ոլորտն ամենաարագն է աճում

Առողջապահական գերատեսչությունն այս ցանկում 6-րդն է. նախարարությանը շուրջ 350 միլիարդ դրամ կտրամադրեն, ներկայիս փոխարժեքով շուրջ 960 միլիոն դոլար, Առողջապահության նախարարությանը հաջորդ տարի պետության ընդհանուր ծախսերի շուրջ 8.6 տոկոսը կհատկացվի, 2022-ի 5.5-ի համեմատ:

Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրմամբ պայմանավորված նախարարությունը ֆինանսավորման ծավալները 2022-ից սկսած մյուսների համեմատ ամենաշատն են ընդլայնվել՝ աճելով գրեթե 3 անգամ, այսինքն կառավարության առաջնահերթությունների ցանկում առանցքային տեղ զբաղեցնող առողջապահության բնագավառը բյուջե 2027-ով ամենաարագն ընդլայնվող ուղղությունը կլինի:

Գործադիրը նախատեսում է 2027-ին ընդհանուր շուրջ 4.1 տրիլիոն դրամ ծախսել՝ ներկայիս փոխարժեքով շուրջ 11 միլիարդ 120 միլիոն դոլար: Պետության եկամուտները, սակայն, բավարար չեն այսքան ծախս անելու համար, ուստի հաջորդ տարի պետությունը ևս 1.29 միլիարդ դոլարի պարտք կվերցնի՝ պակասուրդը լրացնելու համար: Օգոստոսի վերջին Հայաստանի պետական պարտքը շուրջ 14.3 միլիարդ դոլար է կազմել:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG