ԱԺ-ում շարունակվում են պետբյուջեի նախագծի քննարկումները․ վարչապետը ներկա չէ

Ազգային ժողովում շարունակվում են 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները, որոնք չորեքշաբթի ընդմիջվել էին կառավարության հետ հարցուպատասխանով։ Այսօր պատգամավորները հանդես են գալիս ելույթներով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նիստին ներկա չէ։

Խորհրդարանում քաղաքան բանավեճի հիմնական թեման նոր Սահմանադրության ընդունումն էր։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդդիմությանը կրկին առաջարկել էր աջակցել նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն՝ խոստանալով, որ անկախ հանրաքվեի արդյունքից այլևս չի առաջադրվի վարչապետի պաշտոնում։

Նոր Սահմանադրության տեքստը նախատեսվում է հրապարակել հաջորդ շաբաթ։ Նախագիծը հանրաքվեի դնելու համար իշխող «Քաղաքացիական պայմանագրին» անհրաժեշտ է ընդդիմադիր պատգամավորների առնվազն վեց կողմ ձայն։

Սակայն խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցություններն էլ մերժել են Փաշինյանի առաջարկը՝ պնդելով, որ չեն աջակցելու այն նախագծին, որն անվանում են «ալիևյան սահմանադրություն»։

Այսօր խորհրդարանում ելույթ ունենալով՝ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը ևս անդրադարձել է նոր Սահմանադրության շուրջ բանավեճին՝ ընդդիմությանը կրկին հիշեցնելով Փաշինյանի առաջարկը։

«Ձեր ելույթներից ինձ մոտ տպավորություն է, որ չեք լսել Նիկոլ Փաշինյանի առաջարկը ձեզ։ Եթե ձեզ համար համար մեկ առաջարկը Փաշինյանի հեռացումն է, ապա դուք ունեք նրան հեռացնելու 100 տոկոս հնարավորություն։ Ինչո՞ւ չեք անում։ Միակ բացատրությունը կարող է լինել հետևյալը՝ ձեզ համար խաղաղությանը խոչընդոտելն ավելի կարևոր է, քան Փաշինյանին հեռացնելը», - հայտարարել է Ռուբինյանը։

ԱԺ նախագահն անդրադարձել է նաև Անկախության հռչակագրին՝ պնդելով, որ դրանով ոչ թե հռչակվել է Հայաստանի անկախությունը, այլ սկիզբ է դրվել անկախ պետականության հաստատման գործընթացին։

«Կարող է մարդկանց մոտ կարծիք լինել, թե այդ հռչակագրով հայտարարվել է Հայաստանի Հանրապետության անկախության սկիզբը, բայց ոչ, այդ հռչակագրով սկիզբ է դրվել անկախության գործընթացին, անկախ պետականության գնալուն», - ասել է նա։

​
XS
SM
MD
LG