Ուկրաինան նավթային օբյեկտի է հարվածել Թաթարստանում, Ռուսաստանը «Օնիքս» հրթիռներ է արձակել

Ռուսաստան - Նավթային պոմպակայանը Թաթարստանի Ալմետևսկ քաղաքի մոտ, արխիվ
Ռուսաստան - Նավթային պոմպակայանը Թաթարստանի Ալմետևսկ քաղաքի մոտ, արխիվ

Ուկրաինան այս գիշեր, ամենայն հավանականությամբ, հարձակվել է Թաթարստանի Ալմետևսկ քաղաքի մոտ գտնվող «Կալեյկինո» նավթային պոմպակայանի վրա, հաղորդում են ուկրաինական Exilrnova+ և Supernova+ մոնիթորինգային ալիքները:

Astra տելեգրամյան ալիքը փոխանցում է, որ Կալեյկինո գյուղի շրջանում, որտեղ պոմպակայանն է, տեղի բնակիչները վառ բռնկումների են ականատես եղել: Ըստ հրատարակության վերլուծության՝ պոմպակայանը հավանաբար խոցվել է:

«Կալեյկինո» նավթային պոմպակայանը «Տրանսնեֆտ-Պրիկամյե» ընկերությանն է պատկանում, այն խողովակաշարերի մայրուղային համակարգի խոշոր հանգույց է: Կայանը Ուկրաինայից հեռու է մոտ 1300 կիլոմետր: Կիևը պոմպակայանին հարվածել էր նաև այս տարվա փետրվարին, այրվել էին 50-ական խորանարդ մետր ծավալով երկու պահեստարաններ:

Իշխանությունները հաղորդել են Ալմետևսկի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակման վրա և նշել, որ զոհեր ու տուժածներ չկան:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է երկրի մի շարք մարզերի և Թաթարստանի օդային տարածքում 53 ուկրաինական անօդաչու խոցելու մասին:

Ռուսաստանը, իր հերթին, գիշերը Ուկրաինայի վրա է հարձակվել «Օնիքս» հականավային հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով:

Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հաղորդել են, որ խոցվել են 98 անօդաչուներից 69-ը, հարվածներ են գրանցվել 18 վայրերում: Մասնավորապես՝ Խարկովի մարզի Չուգուև քաղաքում բազմահարկ շենքին հարվածի հետևանքով վիրավորվել է վեց մարդ, Զապորոժիեում տներ և ավտոմեքենաներ են այրվել, վիրավորվել է երկու մարդ, Դնեպրոպետրովսկի մարզում մեկ մարդ է վիրավորվել, Օդեսայում վնասվել են արդյունաբերական և էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտներ, «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ հաղորդել են տեղական իշխանությունները:



​
XS
SM
MD
LG