Ուկրաինական զինուժը գիշերը հարձակվել է Կրասնոդարի երկրամասի վրա, ինչի հետևանքով Սևերսկի շրջանում վիրավորվել է չորս մարդ, հայտնում է տարածաշրջանային օպերատիվ խումբը։
Նշվում է, որ անօդաչու թռչող սարքերի բեկորների ընկնելու պատճառով հրդեհ է բռնկվել երկու ձեռնարկությունում: Անօդաչու թռչող սարքերի բեկորներ հայտնաբերվել են ևս ինը հասցեներում՝ մասնավոր տների բակերում և փողոցներում: Մի քանի շենքերում կոտրվել են պատուհաններ, իսկ մեկ տան տանիքը վնասվել է:
Astra-ն և ուկրաինական Exilenova+ և Supernova+ մոնիթորինգային ալիքները հայտնում են Իլսկիի և Աֆիպսկիի նավթավերամշակման գործարանների վրա հարձակման մասին: Երկու օբյեկտներն էլ գտնվում են Սևերսկի շրջանում:
Բացի դրանից՝ ինչպես պնդում է Exilenova+-ը, ռուսական ռադիոէլեկտրոնային համակարգերի աշխատանքի պատճառով անօդաչու թռչող սարքերից մեկը շեղվել է ուղուց և բախվել բարձրահարկ շենքի» Էնեմում։
Ադիգեայի ղեկավար Մուրադ Կումպիլովն ավելի ուշ հայտնել է, որ անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են Էնեմում գտնվող հինգհարկանի բնակելի շենքի վրա՝ վնասելով մի քանի բնակարաններ: Չորս մարդ վիրավորվել է: Վնասվել են նաև երկու բնակելի շենքերի և մի քանի մասնավոր տների պատուհանները, ինչպես նաև մեքենաները և գազատար խողովակը:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Բելգորոդի և Ռոստովի մարզերում, Կրասնոդարի երկրամասում, բռնակցված Ղրիմում և Ազովի ծովում խփել կամ որսացել են ուկրաինական 184 անօդաչու թռչող սարք։